ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2021 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, ապրիլի 26-30-ը անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով, «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգեր՝ ամրակապում» թեմայով վերապատրաստում, որին մասնակցում է 15 փրկարար՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Լոռու, Սյունիքի, Տավուշի եւ Շիրակի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից:

Դասընթացի տեւողությունը 40 ժամ է, որից 24-ը՝ տեսական, 16-ը՝ գործնական: Թեմաներն են. «INSARAG-ի արտաքին որակավորման չափորոշիչներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական միջին թիմերի կառուցվածքը եւ հնարավորությունները», «Փլուզումների հիմնական տեսակները, փլատակների բնութագրերը», «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգերի նպատակը, աշխատանքների  ժամանակ առկա վտանգները, անվտանգության ապահովում», «Աշխատանքների նախագծում եւ ամրակապման փայտանյութի ընտրություն», «Կայունացման համակարգերի միացումներ, կայունացման համակարգերի տեսակները՝ հենասյուներով կայունացում T-աձեւ հենարան, ուղղահայաց հենարան, ճաղավոր հենարան, սյունաձեւ հենարան, թեք մակերեսների հենարան», «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգերի փայտանյութերի կտրման ձեւերը եւ կայունացման համակարգերի պատրաստում», «Արյունահոսություններ», «Հենաշարժիչ համակարգի վնասվածքներ», «Շնչառական ուղիների փակումը օտար մարմնով» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Փրկարարների վերապատրաստման 2021 թվականի աշխատանքային պլանով նախատեսված է վերապատրաստման 20 դասընթաց, որից 12-ը՝ INSARAG-ի չափանիշներով է: Այս տարի անցկացված այլ դասընթացներ.

«Տեխնիկական որոնում»

Ղեկավար կազմ-1

«Համակողմանի ապահովում»

Ղեկավար կազմ-2

«Տակելաժային աշխատանքների կառավարում»

«Տեխնիկական միջոցներ»