Ապրիլի 12-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, «Պահապան» զարգացման հիմնադրամի և Վարդենիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ Վարդենիս քաղաքում իրականացվել է «Աղետների ժամանակ պատրաստվածություն և կենսագործունեության շարունակականություն» թեմատիկայով դասախոսություն և պատսպարման վարժանք։
Միջոցառումը երկու մասից էր՝ տեսական (դասախոսություն, ֆիլմի ցուցադրում) և գործնական (պատսպարման վարժանք)։ Վարդենիսի մշակույթի տանը ՃԿՊԱ դասախոսներ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը, Սիրանուշ Հովհաննիսյանը և Անի Գևորգյանը խոսեցին հետևյալ թեմաներից՝

  • հրդեհ և հրդեհի ժամանակ պաշտպանության վարքականոնը,
  • երկրաշարժի և օդային տագնապի ժամանակ պաշտպանության վարքականոնը,
  • պայթուցիկ նյութերի հետ վարեցվողության կանոնները,
  • պաշտպանական կառույցներ։

   Վարժանքին մասնակցում էր շուրջ 300 հոգի՝ Մշակույթի տան սաներն ու մանկավարժական անձնակազմը, աշակերտներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ։
«Դասախոսությունը մեր նախատեսածից երկար տևեց։ Բոլորն ակտիվ էին, հատկապես՝ միջին դպրոցականները, որոնք շատ սիրեցին ուսուցման խաղային մեթոդը։ «Պահապան» զարգացման հիմնադրամը իրենց լավագույնս դրսևորած 10 երեխայի նվիրեց թևնոցներ, իսկ ակադեմիան՝ ուսուցողական գրքեր»,- նշեց Անի Գևորգյանը։
Ցուցադրվել է նաև հրդեհաշիջման թեմայով ուսուցողական ֆիլմ։
Երկրորդ փուլով իրականացվեց պատսպարման վարժանք շենքի նկուղներից մեկում, որը, որպես թաքստոց, վերանորոգվել է «Պահապան» զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ և կահավորվել մահճակալներով, աթոռներով, առաջին օգնության պարագաներով և այլն։ Հիմնադրամն արդեն 20-ից ավելի խաղաթաքստոց է հիմնել Տավուշի մարզում։
Փրկարարները գործարկեցին էլեկտրական շչակը, վարժանքին մասնակցեց մոտ 80 հոգի՝ դպրոցականներ և բնակիչներ։
ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը և ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ կապիտան Անդրանիկ Խաչատրյանը խոսեցին նկուղ իջնելու ժամանակ տեղ գտած թերությունների, ռմբակոծության դեպքում առաջին անհրաժեշտության պարագաների, երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման բարդությունների, թաքստոցի հետագա պահպանության մասին։
Գնդապետ Ա․ Հայրապետյանը սահմանամերձ համայնքի բնակիչներին հորդորեց ավելի աչալուրջ գտնվել, վարժանքներին ակտիվ մասնակցել, որպեսզի անվտանգության մշակույթն արմատանա ու տարածվի։
Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատն ու շտապօգնության բրիգադն էլ ապահովեցին միջոցառման անվտանգությունը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ բնակիչները կհամալրեն թաքստոցի գույքը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Անի ԳԵՎՈՐԳՅԱՆԸ