ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2021 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, փետրվարի 23-25-ն անցկացվել է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով վերապատրաստում՝ INSARAG-ի արտաքին որակավորումն անցած՝ միջազգային եւ ներքին որակավորումն անցած՝ ազգային քաղաքային որոնողափրկարարական 5 թիմի անդամների համար: Դասընթացին մասնակցել է 15 փրկարար՝ ԱԻՆ Փրկարար ծառայության Լոռու, Սյունիքի, Շիրակի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից, ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից:

Դասընթացի տեւողությունը 24 ժամ էր, որից 16-ը՝ տեսական, 8-ը՝ գործնական: Վերապատրաստման թեմաներն էին. «Որոնողափրկարարական աշխատանքների միջազգային արձագանքման համակարգը. INSARAG-ի արտաքին որակավորման դասակարգման չափանիշներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմերի կառուցվածքը, խնդիրներն ու հնարավորությունները», «Շինությունների փլուզման հիմնական տեսակները եւ փլատակների բնութագրերը. փլուզված շինություններում փրկարարներին սպառնացող վտանգներն ու վտանգավոր գործոնները», «Leader Visio Search եւ VideoFlex տեխնիկական որոնողական տեսադիտարկման սարքերի նշանակությունը, գործարկումը եւ հիմնական տեխնիկական բնութագրերը», «Փլատակներում որոնողական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում տեսադիտարկման եւ ակուստիկ տեխնիկական որոնողական սարքերի միջոցով» եւ այլն:

Փրկարարների վերապատրաստման 2021 թվականի աշխատանքային պլանով նախատեսված է վերապատրաստման 20 դասընթաց, որից 12-ը՝ INSARAG-ի չափանիշներով: «Տեխնիկական որոնում» դասընթացն այս տարվա՝ INSARAG-ի չափանիշներով, առաջին վերապատրաստումն էր:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Այսօր Հայաստանում ձեւավորված է INSARAG-ի արտաքին որակավորումն անցած մեկ եւ ներքին՝ ազգային, որակավորում ունեցող չորս թիմ: