Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Երեւանի պետական համալսարանի, «Ռուսական աշխարհ» հիմնադրամի, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի արեւելյան ֆակուլտետի, Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեւելյան ձեռագրերի ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 27-ին եւ 28-ին անցկացվել է հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ) եւ հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ Ղեւոնդ Ալիշանի 200-ամյակներին նվիրված գիտաժողով: Հայոց պատմության մեջ մեծ հետք թողած այս գործիչների 200-ամյակները լրացել էին 2020-ին, գիտաժողովը նախատեսված էր 2020-ին, բայց կորոնավիրուսի համաճարակը խանգարեց ու անցկացվեց այս տարի՝ առցանց ձեւաչափով:

Գիտաժողովը նախագահում էր Էրմիտաժի գլխավոր տնօրեն, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի արեւելան ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Միխայիլ Պիոտրովսկին, մասնակցել են գիտնականներ Ռուսաստանից, հոգեւորականներ Վենետիկի Մխիթարյան միաբանությունից: Հայաստանից մասնակցել են գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրության դոկտոր Վարդան Դեւրիկյանը, ԳԱԱ հայագիտության եւ հասարակագիտության բաժնի քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանը եւ այլք: Ներկայացվել է ավելի քան 40 զեկույց. «Ղեւոնդ Ալիշանը՝ Կիլիկյան Հայաստանի հետազոտող», «Խրիմյան Հայրիկի եւ Հովհաննես Թումանյանի ընկերությունը», «Լեոն Խրիմյան Հայրիկի մասին», «Մկրտիչ Խրիմյանը եւ ռուսական առաջին հեղափոխությունը», «Սգո էլեգիաները Ղեւոնդ Ալիշանի թարգմանություններում» եւ այլն: Գիտաժողովում «Մկրտիչ Խրիմյանի դիվանագիտական գործունեությունը Եվրոպայում Բեռլինի կոնգրեսի նախաշեմին» թեմայով զեկույց է ներկայացրել նաեւ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու Վահագն Կրբեկյանը:

Իր զեկույցում Վահագն Կրբեկյանը անդրադառնում է այն պատմական առաքելությանը, որ իրականացրեց Խրիմյան Հայրիկը 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո: Իր ժամակակների մեծագույն հոգեւորականը 1878 թվականի մարտ-հունիս հատվածում եղավ Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում՝ հանդիպեց թե պետական բարձրաստիճան պաշտոնյաների, թե հանրային գործիչների ու լրագրողների հետ եւ մանրամասն ներկայացրեց հայ ժողովրդի կրած զրկանքների պատմությունը, հայերի իրավունքների եւ ազատությունների պաշտպանության կարեւորությունը: Շատ խոստումեր եւ հավաստիացումներ լսեց Խրիմյան Հայրիկը, սակայն իրական արդյունք չտեսավ: 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո բալկանյան շատ ժողովուրդներ կրկին անկախացան եւ պետություն ստեղծեցին, իսկ Հայաստանի մեծ մասը մնաց Օսմանյան կայսրությանը, մի փոքր հատված անցավ Ռուսաստանին, չվերացան Ռուսաստան-Եվրոպա, Ռուսաստան-Թուրքիա հակասությունները, Արեւմտյան Հայաստանի հայերին դաժան ճակատագիր էր սպասվում…

Վահագն Կրբեկյանի եզրակացմամբ, պատմությունը ցույց տվեց, որ իրականությունից կտրված, պարզունակ հույսերը չեն արդարանում:

Գիտաժողովում հնչած ելույթների կհրատարակվեն առանձին ժողովածուով: