ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատվել է արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2021 թվականի վերապատրաստման դասընթացների անցկացման ծրագիրը: Ըստ ծրագրի, կկազմակերպվի վերապատրաստման 20 դասընթաց: Վերապատրաստման դասընթացներից 12-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով է: Դասընթացներին կմասնակցի 300 փրկարար՝ հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ, խմբի պետեր, INSARAG-ի արտաքին որակավորում անցած՝ միջազգային եւ ներքին որակավորում անցած՝ ազգային քաղաքային որոնողափրկարարական թիմերի անդամներ:

Դասընթացների թեմաներն են. «Տեխնիկական որոնում», «Համակողմանի ապահովում», «Տակելաժային աշխատանքների կառավարում», «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգեր՝ ամրակապում», «Առաջին օգնության ցուցաբերում» եւ այլն:

Սրան զուգահեռ, ՃԿՊԱ մասնագետները վերապատրաստման դասընթացներ կկազմակերպեն ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համար:

Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ վերապատրաստումներին միշտ էլ մասնակցում է նախատեսվածից ավելի մարդ:

2018 թվականին 259 փրկարարի փոխարեն մասնակցել է 471 փրկարար: Եվս 320 հոգի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելու համար ՃԿՊԱ-ում եռամսյա ուսումնական փորձաշրջան է անցել:

2019 թվականին 319 փրկարարի փոխարեն մասնակցել է 454 փրկարար: Եվս 219 հոգի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելու համար ՃԿՊԱ-ում եռամսյա ուսումնական փորձաշրջան է անցել:

2020 թվականին, նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով, բոլոր ոլորտներում, այդ թվում՝ փրկարարների վերապատրաստման ծրագրերում, շատ փոփոխություններ եղան: Պլանը, սակայն, կատարվել եւ գերակատարվել է հեռավար դասընթացների միջոցով: Արդյունքում վերապատրաստվել է 2830 փրկարար: 68 հոգի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելու համար ՃԿՊԱ-ում եռամսյա ուսումնական փորձաշրջան է անցել:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ