ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում քաղաքացիական անձանց վերապատրաստումների 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն՝ մարտին կազմակերպվել է վերապատրաստման 12 դասընթաց, որոնց մասնակցել է 408 ունկնդիր: Դասընթացներից 4-ն արտապլանային էր՝ Հայաստանում հնարավոր արտակարգ իրավիճակների և դրանց կանխարգելման, քաղաքացիական պաշտպանության հիմունքների և երկրաշարժից պաշտպանության վարքականոնի թեմաներով։ Մասնավորապես՝ ՃԿՊԱ կադրերի պատրաստման և վերապատրաստման ֆակուլտետի դասախոսները եղել են՝

  • Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում,
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում,
  • Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում,
  • «Էրեբունի բժշկական ակադեմիա» հիմնադրամում։

   Մնացած դասընթացներին մասնակցել են նախարարությունների և գերատեսչությունների աշխատակազմերի ստորաբաժանումների ներկայացուցիչներ, քաղաքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի տեղակալներ, նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչներ, նախադպրոցական կրթական հաստատությունների մեթոդիստներ, տնօրեններ և այլոք:
Վերապատրաստմանը ներկայացվել են «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը», «Երեխաների անվտանգության մշակույթի ձևավորման հարցերը» և այլ թեմաներով զեկույցներ:

 

Պատրաստեց՝ Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ