Օրերս Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ Գավառի Հովհաննես Թումանյանի անվան համար 3 հիմնական դպրոցի 2 և 3-րդ դասարանների համար անցկացվել է «Ինքնապաշտպանություն թափառող շներից» թեմայով դասընթաց։ Առաջարկը դպրոցի աշակերտական խորհրդինն էր։
Դասախոսությունը վարում էր մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Գարեգին Հակոբյանը՝ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահ, հերթափոխի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Արտակ Խաչատրյանի հետ համատեղ։
Քննարկվեցին մի շարք հարցեր՝

  • տարածաշրջանի թափառող շների բնութագիրը,
  • շների հարձակումից պաշտպանվելու վարքականոնը,
  • շների հարձակման ենթարկվելու դեպքում առաջին օգնությունը։

   «Աշակերտների և ուսուցիչների հավաստմամբ՝ թափառող շները շատացել են, ու գրեթե ամեն օր մարդիկ ենթարկվում են հարձակման։ Հատկապես տարրական դասարանների երեխաները վախեցած են հաճախում դպրոց»,- նշեց Գարեգին Հակոբյանը։
Հաշվի առնելով կրտսեր դպրոցականների տարիքը՝ դասախոսությունը մշակվել է մատչելի տարբերակով։ Իսկ միջին և ավագ տարիքային խմբերի համար առաջիկայում նախատեսվում է թափառող շների հավանական հարձակման դեպքում առաջին օգնության խորացված ուսուցում։
Հարցին՝ ինչպես է մարզային փրկարարական վարչությունը կարգավորում թափառող շների հարցը, գնդապետը նշեց, որ արձագանքում են՝ ըստ ահազանգի։ Մարզում թափառող շների վնասազերծմամբ, ստերջացմամբ ու պատվաստմամբ զբաղվող կազմակերպություն չկա, ցավոք սրտի։ Ի դեպ, գյուղական համայնքներում թափառող շները մեծ վնաս են տալիս նաև գյուղատնտեսությանը և ընտանի կենդանիներին։
Փրկարարներն աշակերտներին ներկայացրել են  նաև, թե ինչպես են առաջատար երկրները լուծում թափառող շների խնդիրը, ինչ հիվանդություններ կարող են դրանք տարածել, որ դեպքերում է գործում կենդանիների քնեցումը թույլատրող ՀՀ օրենքը և այլն։
«Մի քանի կարևոր բան կա, որ պետք է պարտադիր հիշել։ Երբեք մի՛ չարացրեք անծանոթ շանը, մի՛ վազեք նրա հետևից կամ կողքով, մի՛ մոտեցեք նրան, եթե տերը մոտակայքում չէ, մի՛ նայեք գռմռացող շան աչքերի մեջ, մի՛ խանգարեք ձագեր ունեցող կենդանու անդորրը, մի՛ հարվածեք նրան։ Այսքանով գոնե կնվազեցնենք հարձակման ռիսկը»,- ամփոփեց Գ․ Հակոբյանը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ