ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2021 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, մարտի 2-4-ը անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով վերապատրաստում՝ INSARAG-ի արտաքին որակավորումն անցած՝ միջազգային, քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմի անդամների համար: Թեման՝ «Հայկական ՔՈՓ թիմի միջազգային վարժանքի կազմակերպման ղեկավար կազմի վերապատրաստում»: Մասնակցում են ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի, Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ, տեղակալներ, խմբերի պետեր՝ 12 հոգի: Դասընթացի տեւողությունը 24 ժամ է, որից 8-ը՝ գործնական, 16 տեսական:

Վերապատրաստման թեմաներն են. «Երկրաշարժի հետեւանքով փլուզված բնակավայրերում որոնողափրկարարական աշխատանքների միջազգային արձագանքման համակարգը եւ դրա հիմնական բաղադրիչները», «Աշխատանքային տեղամասերի մեթոդական ցուցումներ», «Վարժանքների նախապատրաստման աշխատանքներում բուժապահովման պլանավորումն ու կազմակերպումը», «INSARAG-ի միջազգային արտաքին դասակարգման (IEC) չափորոշիչներին համապատասխան վարժանքի տեղամասերի նախապատրաստման աշխատանքների կազմակերպման անվտանգության ապահովումը», «INSARAG-ի միջազգային արտաքին դասակարգման (IEC) չափորոշիչներին համապատասխան ՔՈՓ միջին թիմի արտաքին որակավորման 36-ժամյա դաշտային ուսումնավարժանքի հայեցակարգը, նկարագրությունը եւ կազմակերպման փուլերը» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Փրկարարների վերապատրաստման 2021 թվականի աշխատանքային պլանով նախատեսված է վերապատրաստման 20 դասընթաց, որից 12-ը՝ INSARAG-ի չափանիշներով: Ղեկավար կազմի վերապատրաստումը այս տարվա երկրորդ էր: Փետրվարի 23-25-ն անցկացվել է «Տեխնիկական որոնում» դասընթացը: