Մեր մասին
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ունի 20 տարվա պատմություն: Ակադեմիան ձևավորվել է մեր նոր անկախ Հանրապետության համար շատ բարդ ու ծանր տարիներին, Հայոց անկախ պետականության ստեղծմանն ու կերտմանը զուգընթաց:
«Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով 1991թ. դեկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում որպես գործադիր իշխանության֊ հանրապետական մարմին ստեղծվում է արտակարգ իրավիճակների պետական վարչությունը և Հայաստանի Հանրապետության նախագահի 1991թ. դեկտեմբերի 15-ի հրամանագրով Ստեփան Սարգսի Բադալյանը նշանակվում ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետ:
1992թ. հունվարի 31-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության նյութական բազայի և արտակարգ իրավիճակներում գործելու համար մասնագետների վերապատրաստման ինստիտուտի ստեղծման մասին» N74 ո-րոշմամբ արտակարգ իրավիճակների պետական վարչության կառուցվածքում ստեղծվեց կադրերի վերապատրաստման ինստիտուտ և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության հաշվեկշռին հանձնվեց Երևան քաղաքի Պուշկինի փողոցի N 25 շենքը: Երկար տարիներ նորաստեղծ ինստիտուտը գործեց տնտհաշվարկային հիմունքներով իր համեստ ներդրումն ունենալով պետական բյուջեի խնայողության և պետության կայացման գործում:
Ա Ռ Ա Ք Ե Լ Ու Թ Յ Ու Ն Ը
Ակադեմիան կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում կրթական, գիտական, մեթոդական, փորձագիտական, հրատարակչական աշխատանքների և ուսումնառության իրականացմանը` բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական մակարդակներում:
Ակադեմիայի խնդիրներն են`
- բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետների պատրաստումը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում.
- կադրերի վերապատրաստումը, վերաորակավորումը և որակավորման բարձրացումը` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (անկախ կազմակերպական իրավական ձևից), ղեկավար անձնակազմի, մասնագետների, Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում այդ հիմնահարցերը դասավանդող ուսուցիչների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար.
- Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով ուսուցման քաղաքականության մշակումը և իրականացման աշխատանքների համակարգումը.
- արտակարգ իրավիճակներին դիմակայելու, քաղաքացիական պաշտպանության հարցերով բնակչության ուսուցման կազմակերպումն ու իրականացումը.
- քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքների իրականացումը.
- ուսումնական և գիտատեխնիկական գրականության ստեղծումն ու հրատարակումը, գիտելիքների տարածումը: