Ապրիլի 16-19-ը Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան Երևանի Ավանի մանկապատանեկան համալիրում անցկացրեց մինի ֆուտբոլի ներբուհական առաջնություն։ Հայտագրվել էին թե՛ միջին մասնագիտական, թե՛ բակալավրի կրթական ծրագրերի ուսանողներ՝ 12 թիմ։ Եզրափակիչ փուլ անցան բակալավրի կրթական ծրագրի 3 հավաքական թիմերը։
   Լավագույնների կոչմանն արժանացան ակադեմիայի «Փրկարարական գործ» բաժնի ուսանողները`

Դավիթ Թովմասյանը (լավագույն դարպասապահ)

Կառլեն Այվազյանը (լավագույն ռմբարկու)

Գեորգի Հայրապետյանը (լավագույն խաղացող)։

   Մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերին տրվեցին պատվոգրեր։
   ՃԿՊԱ ֆիզիկական դաստիարակության դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Նասիլյանի խոսքով՝ թիմերը շատ պատրաստված էին, մրցակցությունը՝ զգալի։ Ամեն ինչ անցավ առանց միջադեպերի։ Համալիրի դահլիճն ակադեմիային տրամադրվել էր ՃԿՊԱ շրջանավարտ, ակադեմիայի գործընկեր՝ «Կյանքի աստղի միջազգային կոմիտե» միջազգային մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Վլադիմիր Դաշյանի միջնորդությամբ։
   «Համալիրը բոլոր պայմաններն ունի այլ մարզաձևերից մրցաշարեր անցկացնելու համար։ Ունենք բազմաթիվ ուսանողներ, որոնք հետաքրքրված են վոլեյբոլով, բասկետբոլով և այլն։ Եթե դահլիճի խնդիր չունենանք, միանշանակ նմանատիպ միջոցառումները շարունակական կլինեն»,- նշեց Աննա Նասիլյանը։
   Գեորգի Հայրապետյանն ակտիվ մասնակցել է առաջնության կազմակերպչական աշխատանքներին։ Մանկուց սիրել է ֆուտբոլը, գիտեր, որ այն իր կյանքում մեծ դեր է ունենալու։ Խաղացել է մի քանի ակումբներում։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո այլևս չկարողացավ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել։ Հենց այդ ժամանակ էր, որ փրկարարարությունն իրեն հոգեհարազատ մասնագիտություն ընտրեց։
 «Միշտ սիրել եմ մարդկանց օգնել։ Թե դա ինչ կարեւոր է, զգացի հենց պատերազմի ժամանակ, երբ մեր վիրավոր ընկերներին իջեցնում էինք դիրքերից։ Ֆուտբոլը միշտ կլինի իմ կյանքում, բայց առաջիկայում ինձ փրկարարի աշխատանքում եմ պատկերացնում»,- ասաց Գեորգին։
 «Լավագույն խաղացող» կոչումը միայն իրենը չի համարում. թիմի պատասխանատվության և պատրաստվածության շնորհիվ է ստացել այս մրցանակը։
   Այս առաջնությունը մի բան էլ տվեց՝ ընկերություն բոլոր այն մարդկանց հետ, որոնց հետ նույն հարկի տակ ես սովորում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են մասնակիցները