Ապրիլի 18-ին Ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում» թեմատիկայով կլոր սեղան-աշխատաժողով՝ նվիրված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական դրության ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության և անվտանգության, ԱՌՆ գործընթացներում նրանց առավելագույն մասնակցության հարցերին։

   ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագիրը հաստատելու մասին» N 943-Լ որոշմամբ՝  Ներքին գործերի նախարարությունը «Արտակարգ իրավիճակում կամ ռազմական դրության ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության և անվտանգության ապահովում» ծրագրային միջոցառումների իրականացման պատասխանատու կատարողն է։

   Աշխատաժողովին ներկա էին մասնագետներ տարբեր կրթական հաստատություններից՝ ՆԳՆ կրթահամալիրից, Հայաստանի պետական տնտեսագիտական և Հայաստանի ազգային պոլիտեխիկական համալսարաններից, Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջից, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ հիմնադրամից, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից, «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունից, փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներից, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք։

   Զեկույցներով հանդես եկան ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը, Ա․ Գերցենի անվան Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարանի հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նատալյա Երմակովան, ՃԿՊԱ դասախոսներ Անահիտ Մատինյանը, Դիանա Սարգսյանը և Անի Գևորգյանը։
Բանախոսությունների թեմաներն էին՝

  • հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկում և արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու հմտությունների զարգացում,
  • կաթվածի հետևանքներով հիվանդների հոգեբանական վերականգնումը,
  • հաշմանդամություն ունեցող անձանց հոգեբանական օգնությունն արտակարգ իրավիճակներում,
  • հոգեբանական աջակցության շեշտադրված պահանջները ֆունկցիոնալ առանձնահատկություն ունեցող անձանց հետ տարվող աշխատանքներում,
  • տարբեր վտանգների դեպքում ֆունկցիոնալության խախտում ունեցող անձանց հարմարվողականության ծրագրերի իրականացումը համայնքային մակարդակում։

   ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, մասնագիտությամբ հնագետ Արմինե Հայրապետյանը վերհիշեց դպրոցական ճանաչողական ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող երեխայի հետ կապված փորձառությունը, որը փոխել է ներառականության մասին իր պատկերացումները։ Անվասայլակով աշակերտը պեղավայրի ռելիեֆի պատճառով դժվարացել է միանալ մյուսներին։ Ի վերջո, հնարը գտնվել է․ հնագետի առաջարկով՝ երեխան կարգավորել է իր դիրքը՝ ըստ հարմարավետության, ազատվել ավելորդ բարդույթներից։ «Չենք կարող արհեստականորեն «քարշ տալ» ներառականության գաղափարը։ Հասարակության մեջ պետք է համարժեք դաստիարակություն ձևավորել։ Այսօր մենք խնդիր ունենք հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվություն ապահովելու, չունենք մեթոդական ուղեցույցներ՝ ինչպես աշխատել նման անհատների և նրանց ընտանիքի անդամների հետ, ինչպես նրանց ներառել աղետների ռիսկի նվազեցման գործընթացին»,- ասաց Ա․ Հայրապետյանը և հույս հայտնեց, որ համակողմանի քննարկումները վեր կհանեն հաշմանդամություն ունեցող անձանց խոցելիությունը նվազեցելու  գործնական առաջարկներ։

   «Կաթվածի հետևանքներով հիվանդների հոգեբանական վերականգնումը» թեմայով զեկույցում հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նատալյա Երմակովան խոսեց վերականգնումը խաթարող տարբեր երևույթների՝ կոգնիտիվ և էմոցիոնալ խանգարումների, հիվանդության նկատմամբ հիվանդի պաթոլոգիկ արձագանքի, ինչպես նաև կաթված ստացած անձին երեք փուլով հոգեբանական օգնություն ցուցաբերելու արդյունքների և հարակից այլ հարցերի մասին։ Հոգեբանի խոսքով՝ դժվար է արտակարգ իրավիճակում կաթված տարած մարդու հետ աշխատանքը, բայց ոչ՝ անհնարին, եթե նա կարողացել է վերարժևորել իր կյանքը, գտնել դրական էներգիա՝ իր հետագա կենսագործունեությունը շարունակելու համար։

   ՃԿՊԱ դասախոս, հոգեբան Անահիտ Մատինյանը ներկայացրեց արտակարգ իրավիճակներում հաշմանդամություն ունեցող անհատի պաշտպանության նախադրյալները, որոնք ներառական կրթության պարտադիր բաղադրիչ պիտի լինեն։ Դրանք են՝

  • ինքնավստահության ձևավորումը,
  • անձնական զարգացման ազատությունը,
  • ծնողական ներուժի օգտագործումը,
  • մարդասիրության հիման վրա սոցիալական հարաբերությունների բարելավումը,
  • յուրաքանչյուր անհատի ինքնության ընդունումը։

   Գործընթացի արդյունավետության համար մասնագետն առաջարկեց սահմանել առաջնահերթություններ՝ ռիսկերի նվազեցումը դարձնել օրակարգային հարց, բարելավել իրազեկումը, ուժեղացնել արձագանքման պատրաստությունը և այլն։ Քննարկվեցին նաև արտակարգ իրավիճակներում լսողության և տեսողության խնդիրներ ունեցող անձանց աջակցության, հաղորդակցության և հույզերի կարգավորմանն ուղղված գործողությունները։

   ՃԿՊԱ և Երևանի պետական համալսարանի դասախոս,  հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դիանա Սարգսյանը պատմեց հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող տերմինաբանության և ռազմավարության փոփոխություններից։ Ներկայումս պետությունն առաջնորդվում է ֆունկցիոնալության գնահատման սկզբունքով, սակայն, հոգեբանի վստահեցմամբ, կարիքների գնահատումն առաջվա պես կատարվում է թերի։ Ի՞նչ տեխնոլոգիական աջակցություն կարող է տրամադրել պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց անվտանգ կենսագործունության պայմանների ապահովման համար։ «Օրինակ՝ Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողները կարողանում են ազդանշանային սարքեր պատրաստել, որոնց համար մեծ ֆինանսական միջոցներ հարկավոր չեն։ Դրանք կարող են կցվել սայլակին, ձեռնափայտին, լսողական սարքին, նույնիսկ՝ հագուստի աքսեսուարին, և ճգնաժամային իրավիճակում հայտնված անձը կարող է մի կոճակի սեղմումով կապվել տարածքի պարեկային կամ փրկարար ծառայության հետ։ Սարքերի հարցը հնարավոր է լուծել տեղական ինքնակառավարման մարմինների և ծնողների միջոցով»,- նշեց Դիանա Սարգսյանը։

   Թեև համընդհանուր ներառումը պետական ռազմավարություն է, բայց իրականությունն այլ է։ Մասնագետի համոզմամբ՝ ամեն ինչ կախված է համայնքից․ եթե կառավարման մարմինները միջոցներ հատկացնեն թեքահարթակի, ձայնային ազդանշանների և անվտանգության այլ միջոցառումների ներդրման համար, մարդը կդառնա անվտանգության մշակույթի կրող ու տարածող։

   Աշխատաժողովի ավարտին Արմինե Հայրապետյանը հորդորեց ներկաներին ակտիվ համագործակցել ակադեմիայի հետ և փոխանակել իրենց համայնքում  ներդրած հաջողված, ինչու չէ՝ նաև չհաջողված փորձը։ Դրանով հնարավոր կլինի խնայել ժամանակը, որն ամենաթանկն է։ Համայնքների հետ կապը թույլ է, տեղեկատվության փոխանակումը՝ ցածր մակարդակում․ «Պետք է լինի տեղեկատվության թափանցիկություն։ Եթե մենք չենք կարողանում ստանալ հստակ տվյալներ՝ ինչպիսի վնաս է այս կամ այն համայնքում գրանցված աղետը հասցրել հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպե՞ս կարող ենք ոլորտը բարելավել։ Փրկարար ծառայության մարդկային ռեսուրսը բավարար չէ 3 միլիոն բնակչության կարիքները բավարարելու համար։ Յուրաքանչուրն ինքը պետք է իր համայնքում փոփոխություն կատարի»։

   Խոսելով համայնքային ԱՌՆ գործընթացներում երիտասարդների ներուժից՝ ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարողը նշեց, որ երիտասարդությունը հզոր կարողություն է, որը պետք է ճիշտ օգտագործել։ Նա միշտ պատրաստ է օգնության հասնել, եթե իրեն ուղղորդեն։

   Որպես ամփոփում՝ մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումներն ու առաջարկները։ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի «Զինծառայողների տնային պայմանների բարելավման ծրագրի» պատասխանատուն ՃԿՊԱ-ին հետագա համագործակցության առաջարկ արեց՝ վերելակների, թեքահարթակների ու մարզերում հասարակական տրանսպորտի հարմարեցման, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման հարցերում։

   «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազակերպության ներկայացուցիչները, որոնք մասնակցել են Արագածոտնի մարզում համայնքային աղետների ռիսկի կառավարման պլանների մշակմանը, հետաքրքրվեցին ՃԿՊԱ-ում մասնագիտական վերապատրաստման հնարավորություններից։

   Կլոր սեղան-քննարկումները լինելու են շարունակական։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Սուրեն ՆԱԶԱՐՅԱՆԻ