ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի առկա և հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրի ավարտական կուրսերի արտադրական պրակտիկան։

Առկա ուսուցման գծով դեկան, պատմական գիտությունների թեկնածու Վահագն Կրբեկյանի խոսքով՝ այս տարի ծրագրում նոր կառույցներ էին ավելացել՝ ՆԳՆ փրկարարական ուժերի, քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչությունները։ Նախատեսված էր այց նաև «Մաքուր երկաթի գործարան» ընկերություն, որը մոլիբդենի խտանյութ վերամշակող և Հայաստանում մետաղական մոլիբդեն արտադրող միակ ձեռնարկությունն էր։ Սակայն գործարանն այժմ դադարեցրել է գործունեությունը։

Պլանային հաջորդ այցը նախատեսված էր Վեդու նոր կառուցվող ջրամբար, որը, սակայն, չկայացավ՝ եղանակային պայմանների պատճառով։

Մյուս հանդիպումներն ընթացել են՝ ըստ նախատեսվածի։ ՃԿՊԱ ուսանողները եղել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Քանաքեռի ՀԷԿ-ում, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, Հանրային հեռուստաընկերությունում, Ազատի ջրամբարում, Ողջաբերդի սողանքային գոտում, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում և համաշխարհային սեյսմոգրաֆիկ ցանցի «Գառնի» սեյսմիկ կայանում, ինչպես նաև՝ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում և տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներում։

Հաջորդ տարի ծրագրում կներառվի նաև ջերմաէլեկտրակայանը։

Վահագն Կրբեկյանը նկատեց, որ ուսանողները մեծ տպավորությամբ վերադարձել են հատկապես «Զվարթնոց» օդանավակայանից և Հայկական ատոմային էլեկտրակայանից։ «Նախորդ տարիներին պարտադիր պայման կար, որ օդանավակայանի ներքին օդանավերի փրկարարական և հակահրդեհային  ծառայություն կարող են այցելել միայն «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտությամբ ուսանողները։ Մյուս տարի դա հնարավոր կլինի նաև լավ առաջադիմությամբ տարբեր խմբերի ուսանողների համար»,- մանրամասնեց դեկանը։

Ատոմակայանում ՃԿՊԱ սաները ծանոթացել են հակահրդեհային անվտանգության համակարգին, հրշեջ-ջոկատի աշխատանքին, ուսումնական կենտրոնին, որտեղ վերապատրաստում են անցնում ատոմակայանի, հիդրոէլեկտրակայանի և ջերմաէլեկտրակայանի շահագործման և սպասարկող անձնակազմը։ Իրական սարքավորումների լայնածավալ պատճեն հանդիսացող ուսումնական մակետների միջոցով նրանք հնարավորություն են ունեցել մանրամասն ուսումնասիրել որոշ սարքավորումներ։

Հեռակա ուսուցման ուսանողների արտադրական պրակտիկան կազմակերպվել է Երևանի և մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներում։

Հարցին՝ արդյոք պրակտիկան օգնում է ակտիվ ուսանողներին ընդլայնել կապերը և հետագայում աշխատանք գտնել, Վահագն Կրբեկյանը նշեց, որ տասնյակ ուսանողներ ակադեմիայի միջնորդությամբ և անձնական նախաձեռնությամբ աշխատանքի են անցել տարբեր ջոկատներում և կառույցներում, ինչպիսիք են, օրինակ, Միավորված ազգերի կազմակերպության(ՄԱԿ) Հայաստանյան գրասենյակը և «Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ»(ԱՌՆԱՊ) հիմնադրամը։

Դեկանը վստահեցրեց, որ այս տարվա ավարտական կուրսերի ուսանողների մեծ մասը կշարունակի մագիստրատուրան հարազատ բուհում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ