Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի արտադրական պրակտիկայի շրջանակում  մարտի 4-ին բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» եւ «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտությամբ ավարտական կուրսերի ուսանողներն այցելեցին Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն։

Սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության պետ Անի Գեւորգյանը ներկայացրեց ծառայության ստեղծման պատմությունը, վարչության աշխատանքն ու վերջին տարիների հաջողությունները։ Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության աշխատակիցները պատմեցին կրթական հաստատություններում իրականացվող վարժանքների եւ դասախոսությունների մասին։

Ուսանողները եղան նաեւ տվյալների հավաքման եւ օպերատիվ մշակման բաժնում, ծանոթացան խզվածքների եւ այլ քարտեզներին։ Բազմաթիվ հարցեր եղան հատկապես համաշխարհային սեյսմոգրաֆիկ ցանցի «Գառնի» սեյսմիկ կայանի վերաբերյալ, որն օգտագործվում է միջուկային գաղտնի պայթեցումները գրանցելու եւ դրանց վերահսկողությունն ապահովելու համար։

ՃԿՊԱ սաների համար եզակի այց կազմակերպվեց 1974 թվականին կառուցված թունելախորշ, որտեղ գտնվում են տասնյակ սեյսմիկ սարքավորումներ։ Անի Գեւորգյանի խոսքով՝ դրանց մի մասը շատ զգայուն է, այդ իսկ պատճառով թունելում կայուն ջերմաստիճան է պահպանվում, որպեսզի հստակ պատկերացում ունենանք՝ ինչ է տեղի ունենում երկրակեղեւում։

Ցուցադրվեց դեֆորմորգրաֆը, աքսելոգրաֆը, սեյսմոգրաֆը, թեքաչափը եւ այլ գործիքներ, որոնք ժամանակի ընթացքում արդիականացվել են։

Ուսանողներն ուսումնասիրեցին նաեւ խորհրդային եւ վերջին տարիներին կառուցված բետոնե հատուկ պատվանդանները, որոնք ապահովում են ցնցումների առավել ճշգտություն։

Վերջին կանգառը թունելի ամենախոր հատվածն էր՝ 60 մետր խորության վրա։ Համալիրն իր ստեղծման օրվանից օգտագործվել է գիտական փորձերի համար։

Ուսանողների խոսքով՝ սեյսմիկ սարքավորումներին տեսականորեն ծանոթ էին, սակայն իրականում տեսնելն ավելի հետաքրքիր էր։ Այցի ավարտին ՍՊՏԾ մասնագետները ցանկացողներին առաջարկեցին բուհն ավարտելուց հետո դիմել այս կառույցում աշխատանքի անցնելու համար։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի