Մարտի 15-ին Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտությամբ երկրորդ կուրսի եւ բակալավրի կրթական ծրագրի տարբեր մասնագիտությամբ ուսանողներ այցելել էին Արզնիի օդանավակայան։ Այն Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ուսումնական բազան է, որտեղ կազմակերպվում են ուսումնամարզական վարժանքներ եւ հեռակառավարվող ինքնաթիռներին առնչվող միջոցառումներ։ Այստեղ տեղակայված են Անտոնով Ան-2, Յակովլեւ, Յակ-52 , Piper Archer եւ Մի-2 մի քանի ինքնաթիռ, որոնք օգտագործվում են ուսուցման համար։

Ուսանողները ծանոթացել են Յակ-52  ինքնաթիռին, օդաչուի խցիկի կառուցվածքին , տարբեր սարքավորումներին եւ այլն, հետեւել բարդ էլեմենտներով թռիչքավարմանը։

«Երեխաներն այս ամենին ծանոթ էին տեսականում, ավելի շատ տեղեկություն ստացան ինքնաթիռների արտադրման եւ ղեկավարման սկզբունքների, ֆունկցիաների, շարժիչների տեսակների, պարաշյուտը բացելուց հետո ինքնաթիռի անվտանգ վայրէջքի կանոնների մասին»,- մանրամասնեց ՃԿՊԱ դասախոս, ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ Էլմասակյանը։

Սա Արզնիի օդանավակայան առաջին այցն էր, բայց ջրափրկարարի խոսքով՝ այցերը շարունակական են լինելու։ Ապագա մասնագետները եզակի հնարավորություն են ունեցել բարձրանալ ինքնաթիռ եւ ծրագրի միջոցով կառավարել ԱԹՍ-ները։

Ողջ ընթացքին հետեւել է ՃԿՊԱ տեղեկատվական տեխնոլոգիաների խմբի անձնակազմը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արտակ Էլմասակյանը