Փետրվարի 26-ին արտադրական պրակտիկայի շրջանակում Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության ավարտական՝ 4-րդ, կուրսի ուսանողները այցելեցին փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն։

Սա խմբի առաջին այցը չէր։ ՀՆՓԱԻԿ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Ասրյանի առաջարկով՝ եւս մեկ անգամ անդրադարձ կատարվեց կենտրոնի կազմավորման պատմությանը, կառուցվածքին, գույքային ու տեխնիկական հնարավորություններին։

Թիվ 18 փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Կարեն Ավետիսյանը խմբակային քննարկում արեց ընդհանուր փրկարարական գիտելիքների վերաբերյալ՝ փրկարարական գույք-սարքավորումներ, տուժածների որոնման միջոցներ, տարածքի սահմանազատում, պարանային հանգույցներ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատանքը, համագործակցությունն այլ արձագանքող ուժերի եւ զանգվածային լրատվամիջոցների հետ եւ այլն։

«Ակադեմիան լավ գիտելիք է տալիս, ձեզ մնում է քաղել առավելագույնը։ Ես ավարտել եմ 14 տարի առաջ, բայց ամեն մանրուք հիշում եմ»,- ժպիտով նշեց ՃԿՊԱ շրջանավարտ Կարեն Ավետիսյանը։

Ուսանողները ծանոթացան նաեւ փրկարար շներին, նրանց խնամքի ու վարժեցման պայմաններին։

Արտադրական պրակտիկան ընթանում է իր հունով։ Ճգնաժամային կառավարման ապագա մասնագետներն արդեն եղել են մի քանի հատուկ նշանակության կարեւորագույն օբյեկտում, ուսումնասիրել նկուղները, տարհանման պլանները, հակահրդեհային համակարգը։

Ուսանողուհի Լիլիթ Ավագյանը մտահոգ է,որ անվտանգության մշակույթը դեռ ցածր մակարդակում է։ Օրինակ՝ մի դպրոցում իրենց արած հարցումներից պարզվել է, որ երեխաներից շատերը երկրաշարժի դեպքում պատրաստվում են իջնել նկուղ։ Կամ՝ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցիչը երկրաշարժի մասին խոսելիս կարող է պնդել, որ ճիշտ է սեղանի տակ թաքնվելը՝ հաշվի չառնելով, որ այդ սեղանը, օրինակ, պատուհանի մոտ է։ Որպես ոլորտի ապագա մասնագետներ՝ իրենք հետեւյալ լուծումն են տեսնում՝ անվտանգության կրթությունը սկսել մանկապարտեզից եւ հասցնել մինչեւ ընտանիք՝ օգտագործելով բոլոր հնարավոր պրակտիկ հարթակները, հատկապես՝ սոցիալական ցանցերը։

Իր մասնագիտության ընտրության հարցում Լիլիթը երբեք չի կասկածել․ «Մենք այսօր ակադեմիայում ուսումնասիրում ենք «տարհանման պլան» հասկացությունը։ Եվ ակամա դու դառնում ես այդ ինֆորմացիան կրողը, ամեն տեղ տարհանման պլան ես փնտրում, անընդհատ կատարում ես ժամանակի ու ռիսկերի հաշվարկ։ Եթե մենք կարողանանք այնպես անել, որ ամեն ոք այդ գիտելիքը կարեւորի, կլինենք քիչ խոցելի»։

Ալվինա Կարենյանն էլ հավելում է՝ վերջին տարիներին տարբեր կազմակերպություններ «մոդայիկ» ռազմավարություն են որդեգրել՝ վերապատրաստել իրենց աշխատակիցներին, որ նրանք կարողանան դիմակայել արտակարգ իրավիճակներին։ Այսպիսի մանր քայլերով հնարավոր է՝ մարդիկ մի օր ավելի գիտակից դառնան։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Անի ԱՆՏՈՆՅԱՆԻ