ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մարտի 20-22-ն անցկացվեց «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում»  թեմատիկայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեցին փրկարար ծառայության Երևան քաղաքի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունների տարբեր ստորաբաժանումների հրամանատարների տեղակալներն ու խմբի պետերը՝ ընդհանուր 15 հոգի։

Դասընթացում ներառված թեմաներից էին՝

  • Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը բարձրահարկ բնակելի շինություններում
  • Անտառային և այլ բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման առանձնահատկությունները
  • Փլուզված շինություններում փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը
  • Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում փրկարարական աշխատանքների իրականացումը և կազմակերպումը
  • Փրկարարական աշխատանքների կազմակերպումը տրանսպորտային վթարների դեպքում
  • Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը կարևորագույն օբյեկտներում
  • Հրդեհի վերլուծություն․ ուժերի և միջոցների գնահատումը և այլն։

 

Գործնական պարապմունքն անցկացվեց Լուսակերտի ուսումնական կենտրոնում։

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանի խոսքով՝ հիմնական նպատակն էր բարելավել փրկարարների հմտությունները մասշտաբային դեպքերի ժամանակ հրդեհաշիջման շտաբի ձևավորման և ղեկավարման հարցում։

Ըստ սցենարի՝ գրանցվել էր նավթամթերքի հրդեհ։ Փրկարարները փրփուրով կատարել են հրդեհաշիջում։ Բացի դրանից՝ երկրորդ հարկում իրականացվել է մարտական բացազատում, իսկ հակածխային օղակը ծխապատ գոտուց դուրս է բերել տուժածներին։

Դասընթացը վարել են ՃԿՊԱ դասախոսներ, փ/ծ փոխգնդապետներ Հարություն Ղազարյանն ու Հայկ Ղազարյանը և փ/ծ մայոր Հովսեփ Բադալյանը։

Հրավիրված մասնագետ, փրկարարական ուժերի վարչության ՀՓԱԿ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Հենրիկ Սիմոնյանը ևս խոսել է փրկարարական աշխատանքների կազմակերպման բարդություններից և իր երկարամյա ծառայության ընթացքում գրանցված պատահարներից։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները