Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների արտադրական պրակտիկայի շրջանակում փետրվարի 27-ին ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» եւ «Քաղաքացիական պաշտպանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները այցելեցին ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ։

Հերթափոխի պետ, փ/ծ մայոր Վարազդատ Ղազարյանի ուղեկցությամբ ուսանողները շրջեցին ջոկատի տարածքով, ծանոթացան փրկարարական տեխնիկային, գույք-սարքավորումներին, անհատական պաշտպանության միջոցներին, կապի ու հանգստի սենյակներին։ Հատկապես ուշադրության արժանացան անվանական դաշտային պայուսակները, որոնք ջոկատը ստեղծել է իր ուժերով։ Դրանք հագեցած են առաջնային անհրաժեշտության բոլոր պարագաներով՝ ջուր, չոր սնունդ, հագուստ, սպասք, հիգիենայի պարագաներ, եւ կարող են երեք օր ապահովել փրկարարի կենսագործունեությունն աղետի ժամանակ։

Ուսանողները հարցեր տվեցին նաեւ կենցաղային կանչերի սպասարկման բարդությունների, ռիսկի պայմաններում գործող փրկարարի անվտանգության խնդիրների եւ այլ թեմաների մասին։

Ավագ հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ Նարինե Գեղամյանը ներկայացրեց պարանային հանգույցներն ու դրանց կիրառման դեպքերը։ ՃԿՊԱ սաներն անձամբ փորձարկեցին տարբեր հանգույցներ։ Փրկարարը նկատեց՝ այս առումով խումբը բավականին պատրաստված էր ու գիտակ։

Ուսանողուհի Աննա Զիլֆուղայանը նշում է՝ ամեն անգամ հրշեջ-փրկարարական ջոկատ այցերը նորովի են բացահայտում փրկարարի աշխատանքը։ Թվում է՝ ինչ կա որ, ահազանգը ստացվեց, ու մեքենան դուրս եկավ կանչի։ Բայց այդ ամբողջ գործընթացը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական մեծ փորձություն է, քանի որ ոչինչ կանխատեսելի չէ։ Իսկ թանկ է ամեն րոպեն։ Մտաբերում է վթարի մի դեպք, որի ականատեսն է եղել։ Երբեք չի մոռանա փրկարարների լարված դեմքերը, որոնք ամեն կերպ փորձում էին իրավիճակը վերահսկել։

Աննան մանուկ հասակից սիրել է այս մարդասիրական մասնագիտությունը, բուհն ավարտելուց հետո ցանկանում է համակարգում աշխատել։ Կատակում է՝ ուսումնառության չորս տարիներին ստացած գիտելիքի ու փորձառու մասնագետների հետ շփման շնորհիվ իրեն արդեն փրկարար է զգում, պարզապես՝ առանց համազգեստի։

Այցի ավարտին ջոկատի հրամանատար, ՃԿՊԱ շրջանավարտ, փ/ծ փոխգնդապետ Ահարոն Ղազարյանը հավելեց՝ նա, ով ընտրում է փրկարարի ուղին, անկախ մասնագիտական որակներից՝ առաջին հերթին պիտի սովորի հարգել այս ոլորտում իրենց ավանդը ներդրած մարդկանց։ Այդ հարգանքը պետք է ձեւավորվի բուհից, որովհետեւ հենց դասախոսներն են ուղեկցում մեզ դեպի մեծ կյանք, դեպի ծառայություն։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի