Ապրիլի 28-ին Աշտարակ համայնքում կայացավ Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էր 420 մարզիկ ամբողջ հանրապետությունից: Նրանց թվում էր Ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, Կիոկուշին կարատեի Հայաստանի եռակի չեմպիոն, միջազգային առաջնության կրկնակի չեմպիոն ու գավաթակիր Սուսաննա Կլեկչյանը։ Նա մինչև 55 կգ քաշային կարգում և 18-ից բարձր տարիքային խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

   Քրտնաջան աշխատանք և մեծ կամքի ուժ՝ սա է Սուսաննայի համար դժվարությունները հաղթահարելու միակ միջոցը: Պարապմունքներից գրեթե չի բացակայում, բացակա օրերն էլ պարտադիր լրացնում է: Կատակում է՝ մարզիչ Հրաչ Գրիգորյանը չի թողնում, որ «գլուխ պահի»: Մի բան է հաղթանակելը, այլ բան՝ հաղթողի կոչումը պահելը:

   Ճիշտ է՝ սպորտն իր կյանքում գերակա է, բայց կրթության ու ուսանողական կյանքի մասին չի մոռանում: Սովորել է գրաֆիկով ապրել, որ ամեն ինչ հասցնի:  «Հազվադեպ է լինում, որ հոգնեմ կամ ցանկություն չունենամ այլ բանով զբաղվելու: Մարդիկ այսօր շատ ժամանակ են վատնում համացանցում, չեն կարևորում գիտելիքը, բայց մի պարզ ճշմարտություն կա՝ առանց գիտելիքի դու կորած ես»,- նշում է երիտասարդ մարզիկը՝ վերհիշելով, թե ինչպես է ճամբարում կարողացել առանց վարանելու ընկերոջ վնասված ձեռքն անշարժացնել ու առաջին բուժօգնություն ցույց տալ:

   Առաջիկայում Սուսաննան մասնակցելու է մարզական հավաքների: Ժպիտով ասում է՝ բուհի ավարտական քննությունները բարեհաջող հանձնելուց հետո կարելի է հանգստանալ ու շրջագայել Հայաստանով:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Սուսաննա ԿԼԵԿՉՅԱՆԸ