Ավարտվեց Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, Ավստրիական կարմիր խաչի ընկերության և Ավստրիայի զարգացման գործակալության համագործակցությամբ «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) հրահանգիչների վերապատրաստման երկշաբաթյա ծրագիրը։ 

   30 փրկարար ծառայող ստացել է հրահանգչի որակավորում և իր գիտելիքը փոխանցելու է մարզերի կամավոր հրշեջ-փրկարարներին։ Դասընթացը հետևյալ թեմատիկայով էր՝ անտառային հրդեհների արձագանքում, փրկարարական աշխատանքներ, առաջին օգնություն և փոքր մեխանիզացիայի կիրառում։

   «Ավստրիական կարմիր խաչի ընկերությունը շատ է կարևորում Հայաստանի փրկարար ծառայության հետ համագործակցությունը։ Դասընթացի մասնակիցներն աշխատել են մեծ եռանդով։ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Լուսակերտի ուսումնական բազան ստեղծել էր բոլոր հնարավորությունները, որ մենք արդյունավետ աշխատենք»,- ասաց VolFire (Volunteer Fire Rescue Groups) ծրագրի  փորձագետ, հրշեջ-փրկարար Բեռնար Ժանինը։

   Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սուրեն Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի ամենակայացած կամավորական կառույցներից մեկը հենց սահմանամերձ Խաչիկ գյուղի հենակետն է, որտեղ աշխատում է 22 կամավոր հրշեջ-փրկարար։ Մինչև Հայաստանի կառավարության՝ կամավորական հենակետերը համայնքին հանձնելու որոշումն ընդունելը Խաչիկի հենակետը եղել է Եղեգնաձորի ՀՓՋ-ի հսկողության տակ, պարբերաբար անցկացվել են դասեր ու վարժանքներ։ Տարիների ընթացքում բարելավվել են հենակետի շենքային պայմաններն ու գույքը, տեղադրվել է 6 տոննա տարողությամբ ջրի բաք։ «Գյուղի խանութներից մեկն  էր այրվել, կրակն ամբողջությամբ իրենք են մարել և անգամ օգնություն չեն կանչել։ Եղել է, որ ինքնուրույն կարողացել են դուրս բերել ձորն ընկած մեքենան։ Կազմակերպված են ոչ միայն հենակետի անձնակազմը, այլև՝ բոլոր խաչիկցիները։ Երբ արոտավայրերի հրդեհ ենք ունենում, մարդիկ, իրենց սրսկիչներն առած, գալիս են հրդեհի վայր»,- ասաց հրամանատարը։

   Հրահանգիչների որակավորման դասընթացին մասնակցել է նաև հենակետի կամավորներից Խաչիկ Գրիգորյանը, որը կուսուցանի մյուսներին։ Ս․ Հարությունյանը հավելեց՝ նպատակահարմար կլինի, որ հետագայում հենակետն անցնի հերթափոխային աշխատանքի, այսինքն՝ 6-հոգանոց մարտական հաշվարկը, որն օրվա պատասխանատուն է, կընդունի գույքը, կիմանա իր հստակ անելիքն ու չի բացակայի գյուղից։

   Կամավորներին մեկտեղ հավաքելու ամենամեծ խնդիրը գյուղատնտեսական սեզոնն է։ Փոխգնդապետի համոզմամբ՝ եթե պետությունն այս մարդկանց հարկային կամ առողջապահական ծառայություններից օգտվելու արտոնություններ տա, նրանք ավելի շահագրգռված կլինեն։

   Ավստրիական կարմիր խաչի ընկերության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ կամավոր-փրկարարական հենակետերը շուտով նոր գույք կունենան։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ