ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսներ Հովհաննես Խաչատրյանի եւ Աննա Նասիլյանի նախաձեռնությամբ այսօր ՃԿՊԱ-ում անցկացվեց շախմատի տղաների եւ աղջիկների առաջին առաջնությունը, որին մասնակցում էին ակադեմիայի միջին մասնագիտական եւ բակալավրի կրթական ծրագրի ուսանողները՝ 18 տղա եւ 7 աղջիկ: Առաջնության կազմակերպմանն աջակցել էին «Կյանքի աստղ միջազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունն ու Նոր նորքի «Տորնադո» մարզամշակութային կենտրոնը: Աղջիկների առաջնությունը հաղթեց բակալավրի կրթական ծրագրի «Փրկարարական գործ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Սեդա Այվազյանը, երկրորդը՝ միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Էմմի Պողոսյանն էր, երրորդը՝ միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Քնարիկ Բաղդասարյանը: Տղաների չեմպիոնը միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Արտուշ Ավագյանն էր, երկրորդը՝ նույն կուրսից Արտյոմ Սադղյանը, երրորդը՝ միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Արեն Կարապետյանը:

Մեզ հետ զրույցում Սեդա Այվազյանն ասաց, որ դպրոցական տարիներին հաճախել է շախմատի խմբակ, ունի բազմաթիվ պատվոգրեր, սակայն թողել է շախմատն ու որոշել դառնալ արտակարգ իրավիճակներում աշխատող մասնագետ: Վստահ է, «շախմատային անցյալը» օգտակար կլինի, շախմատը օգնում է արագ կողմնորոշվել, կանխատեսել այս կամ այն քայլի հնարավոր զարգացումների տարբերակները:

Սեդայի հետ համամիտ է տղաների առաջնության հաղթող Արտուշ Ավագյանը: Արդեն յոթ տարի է շախմատով է զբաղվում, հաջողություններ ունի: Ու թեեւ ճգնաժամային կառավարման մասնագետ է դառնալու, շախմատը չի թողնելու: Արտուշն էլ է վստահ, որ երկար տեւող եւ առերեւույթ հանգիստ խաղը՝ շախմատը, սովորեցնում է արագ կողմնորոշվել, մի քանի քայլ առաջ տեսնել:

Առաջնության նախաձեռնողները տեղեկացրեցին, որ փորձելու են ՃԿՊԱ շախմատի առաջնությունը դարձնել ավանդական: Իսկ աղջիկների առաջնության երկրորդ մրցանակակիր Էմմի Պողոսյանն առաջարկեց նման ներբուհական առաջնություններ հաճախ կազմակերպել, ինչը հնարավորություն կտա բարձր մակարդակով ներկայանալ միջբուհական առաջնություններում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ