Ամիսներ առաջ Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվել էր «Կլիմայի փոփոխությունը և աղետների ռիսկի նվազեցումը» թեմայով կլոր սեղան քննարկում՝ «Հայաստան ծառատունկ ծրագիր» (Armenia Tree Project՝ ATP) բարեգործական հիմնադրամի և ակադեմիայի համագործակցությամբ։

   Օրերս ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողներն այցելեցին հիմնադրամի տնկարանը, որը գտնվում է Արագածոտնի մարզի Կարին բնակավայրում։

   Բնապահպանական կրթության ծրագրի վերապատրաստող Նվարդ Գևորգյանը հյուրերին ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, 5 տեղամասերում անտառտնկման աշխատանքների ընթացքը, 4 տնկարանների տեխնիկական և մարդկային ռեսուրսի հնարավորությունները, համայնքային զարգացման ու կրթական ծրագրերը՝ մանկապարտեզից մինչև բուհ, կլիմայի փոփոխության հարմարվողականության համատեքստում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները և այլն։

   Հատուկ էր ընտրված դասախոսության թեման՝ թափոնների կառավարման սկզբունքներն ու խնդիրները ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Խոսվեց տարբեր թափոնների քայքայման ժամկետներից, 3R` Reduce, Reuse and Recycle մոտեցմամբ թափոնների կառավարման գաղափարից, պլաստիկ թափոնների վերամշակման կոդերից և հագուստի արտադրության մեջ դրանց օգտագործումից, օվկիանոսներում ձևավորված աղբի կղզիներից և այլն։

   «Երկիր մոլորակն էկոհամակարգ է, որը վերականգնվելու հատկություն ունի, բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դրան հասցված վնասի չափը վերահսկելի է։  Մարդն այսօր կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է․ անխնա օգտագործում է նավթը՝ պլաստիկ ստանալու համար, հետո սկսում է պայքարել պլաստիկի դեմ։ Բնության մեջ առկա նյութերի շրջապտույտը շատ կարևոր է․ ինչպես վարվես բնության հետ, փոխադարձը կստանաս»,- հավելեց Նվարդ Գևորգյանը։

   Ուսանողները դիտեցին նաև անիմացիոն և վավերագրական ֆիլմեր այն մասին, թե ինչպես է մարդը շահագործում բնությունը՝ վտանգելով իր իսկ գոյությունը, և ինչպես են պլաստիկ թափոններից անկում Միդուեյ կղզում ապրող ալբատրոս տեսակի թռչունները։

   Մասնագետի խոսքով՝ տարեկան ավելի քան 8 միլիոն տոննա աղբ է լցվում օվկիանոսներ, իսկ կանխատեսումների համաձայն՝ 2050 թվականին ջրային տարածքներում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ։

   Այցի ավարտին ուսանողները շրջեցին տնկարանի և ջերմոցի տարածքով, ծանոթացան բուսատեսակներին և դրանց խնամքին։

   ՃԿՊԱ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ղարիբյանը նշեց՝ ստացված գիտելիքն ու փորձը կներառվի «Շրջակա միջավայրի պահպանությունը որպես աղետների ռիսկի նվազեցան գործոն» նախագծային աշխատանքում, որն իրականացնում են «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները։ Նախագծային աշխատանքի առաջին փուլում արդեն անցկացվել են հարցազրույցներ տարբեր համայնքներում՝ ըստ տարիքի, սեռի և այլ չափորոշիչների։ Ներկայումս հավաքված տվյալները մշակման փուլում են, ինչի հիման վրա ուսանողները հանդես կգան առաջարկներով։

   ՃԿՊԱ-ում «Լանդշաֆտագիտություն և էկոլոգիայի հիմունքներ» առարկայի դասախոս Նաիրա Մնացականյանի համոզմամբ՝ նման այցերը պարտադիր են, որպեսզի ուսանողները լավ յուրացնեն տեսական գիտելիքը։ Կարևոր է լսելի դարձնել յուրաքանչյուրի կարծիքը, հետևաբար ողջունելի են ինտերակտիվ ուսուցման բոլոր ձևաչափերը։

   ATP բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը կլինի շարունակական։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի