Փետրվարի 9-մարտի 7 հատվածում կանցկացվի ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» առկա եւ հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրի ավարտական կուրսերի արտադրական պրակտիկան։

ՃԿՊԱ դասախոսների գլխավորությամբ ուսանողները կլինեն Մեծամորի ատոմայականում, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, Ազատի ջրամբարի մատույցներում, Ողջաբերդի սողանքի գոտում, Օպերային թատրոնում, Մատենադարանում, Հայաստանի ազգային արխիվում, «Արմենիա» միջազգային օդավակայանում, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում», փրկարար ծառայության «ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում», փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում», տարբեր փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական եւ հատուկ փրկարարական ջոկատներ եւ այլն:

Ըստ կազմակերպության կառուցվածքի եւ առանձհատկությունների, ապագա փրկարարները տարբեր հարցեր են ուսումնասիրում: Օրինակ.

  1. Հրշեջ-փրկարարական եւ հատուկ փրկարարական ջոկատներում ծանոթացել են օգտագործվող գույքին եւ տեխնիկային, ուսումնասիրել ջոկատի օրակարգը, հերթափոխի կազմակերպման կարգերը:
  2. Հայաստանի ատոմային էլեկտրակայանում ծանոթացել են ուսումնավարժական կենտրոնին, Ճգնաժամային կառավարման կենտրոնին եւ քաղաքացիական պաշտպանության ապաստարանին:
  3. Ազատի ջրամբարում՝ տեղեկացել ջրամբարի ծավալի, մակերեսի, խորության, հիդրոլոգիական ռեժիմի, ջրափոխանակության ինտենսիվության մասին, ծանոթացել ջրահեռացման համակարգին:
  4. Ողջաբերդի սողանքի գոտում՝ ծանոթացել ապարների զանգվածային սահաշարժերին եւ լվացման հետեւանքով, ապարների հավասարակշռության խախտման արդյունքներին:
  5. «Արմենիա» օդանավակայանում՝ ծանոթացել օդանավերի փրկարարական եւ հակահրդեհային (ՕՓՀ) ծառայության հրդեհաշիջման հատուկ տեխնիկային եւ միջոցներին: «Զվարթնոց» օդանավակայանում ՕՓՀ կայանները տեղակայված են ուղղակիորեն թռիչքադաշտում՝ ինքնաթիռի հետ կապված ցանկացած միջադեպի 2-3 րոպեում արձագանքելու համար: ՕՓՀ ծառայությունն ապահովված է ժամանակակից Striker-3000 ՕՓՀ մեքենաներով, որոնք նախատեսված են օդանավերի հրդեհաշիջման համար եւ ունեն հրդեհաշիջման տարբեր միջոցներ՝ ջուր, փրփուր, չոր քիմիական հրդեհաշեջ նյութ: ՕՓՀ ծառայության աշխատակիցները պարբերաբար տեսական եւ ֆիզիկական պատրաստվածության դասընթացների են մասնակցում:
  6. «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում»՝ ծանոթացել ՍՊՏԾ ստեղծման պատմությանը, իրականացվող գործառույթներին, ծառայությանն առաջադրված խնդիրներին, դրանց լուծման մեթոդներին եւ ծրագրերին։ ՍՊՏԾ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի թունելում ապագա փրկարարներն ուսումնասիրել են ստորգետնյա ցնցումները գրանցող գերզգայուն սարքավորումները, ծանոթացել նրանց աշխատանքի հիմունքներին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարը տրամադրել են դասախոսները