Հոկտեմբերի 12-ը ջրասուզակի միջազգային օրն է։ Ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» ջրասուզակ-ջրափրկարարների սերունդներ է կրթել, որոնցից շատերն այսօր աշխատում են փրկարար ծառայությունում։

Մասնագիտական օրվա առթիվ ՃԿՊԱ ջրափրկարարական ցիկլի պետ, միջազգային կարգի փրկարար, ստորջրյա կողմնորոշում եւ ստորջրյա արագընթաց լողի ԽՍՀՄ սպորտի վարպետ Արտակ Էլմասակյանի հետ զրուցել ենք անցած ճանապարհի, դժվարությունների եւ երազանքների մասին։

-Ինչու՞ ընտրեցիք հենց սուզորդությունը։

-Քեռիս՝ Լիպարիտ Ալմասակյանը, հմուտ ջրասուզակ էր ու ստորջրյա լողորդ։ ԽՍՀՄ ստորջրյա լողի հավաքականի մարզիչն էր․ նա նաեւ աշխարհահռչակ լողորդ Շավարշ Կարապետյանին է մարզել։ Ցանկանում էի նրան նմանվել․ ստորջրյա լողոում հասա ԽՍՀՄ սպորտի վարպետի աստիճանի։ Երկար ժամանակ լողավազանում մարզիչ էի։ 2000 թվականին ծանոթացա փորձառու ջրասուզակ Սոբերտ Մանուկյանի հետ, որն էլ ինձ հրավիրեց աշխատելու որպես պրոֆեսիոնալ ջրասուզակ։ Նույն տարվա դեկտեմբերի 14-ից ես դարձա ջրասուզակների մեծ ընտանիքի անդամը։

-Կհիշե՞ք առաջին սուզումը։ Ի՞նչ զգացողություն էր։

-Առաջինս անհաջող էր, քանի որ պատրաստվում էի առանց կարգավորիչի օդաբալոնով ջուրը մտնել, եւ այն ձեռքիցս վերցրին (ծիծաղում է-հեղ․): Դրանից հետո շատ եմ սուզվել տարբեր ջրային տարածքներում։ Կարող եմ ասել, որ լավագույն զգացումներս եղել են Սեւանա լճում։

-Ո՞րն է ամենալավ արդյունքը, որ մինչ օրս գրանցել եք։

-Եթե խոսենք Սեւանա լճի մասին, ապա այնտեղ թույլատրվում է սուզվել առավելագույնը 34 մետր, որը միջազգային ստանդարտների համաձայն՝ հավասարազոր է 40 մետրի։ Ես կանոնների խախտումով սուզվել եմ 46 մետր։ Ավելի մեծ խորության հասնողներ էլ են եղել, որոնք ողջ-առողջ դուրս են եկել ջրից։ Վերջին ռեկորդը սահմանել է ռուս ֆրիդայվեր Օլգա Դավիդովան, որը սուզվել է 65 մետր՝ առանց շնչառական սարքավորման։ Մենք կարողացանք փոխել այն կարծրատիպը, որ սովորական խտացրած օդով Սեւանա լճում 34 մետրից ավելին սուզվող մարդը կարող է հաշմանդամություն ձեռք բերել։

Որպես այդպիսին՝ իմ լավագույն արդյունքը եղել է թիմի կազմում, Արագած լեռան Քարի լճում՝ Կարեն Բալայանի եւ Ռաֆայել Մկրտչյանի հետ։ Դրանով մենք ճանապարհ բացեցինք մյուս սուզորդների համար։

Քարի լճի խորությունը 12,5 մետր է, եւ քանի որ այն ծովի մակերեւույթից 3207 մ բարձրության վրա է, մեր սուզումն ընդունվեց որպես Հյուսիսային կիսագնդի ռեկորդ։ Նման արդյունք գրանցել է նաեւ ֆրանսիացի օվկիանոսագետ Իվ Ժակ Կուստոյի թիմը Տիտիկակա լճում։

-Ժամանակի հետ Ձեր մասնագիտական գործունեության մեջ նոր ուղղություն է մտել՝ ստորջրյա հնագիտական պեղումները։ Ինչպե՞ս սկսեցիք համագործակցել գիտնականների հետ։

-Մի օր մեզ հետ ցանկացավ սուզվել հնէաբուսաբան Իվան Գաբրիելյանը։ 2011 թվականին Արտանիշի հարակից տարածքում Սեւանա լճի հատակին հայտնաբերեցինք ստորջրյա քաղաքի խոյակներ, փորագրություններ, տարրա եւ այլն։ Խորությունը մեծ չէր․ գանձագողերը սկսեցին հետաքրքրվել տեղանքով։ Բարեբախտաբար վերջին տարիներին ավազը ծածկել է քաղաքը, եւ հուսով ենք, որ որոշ բաներ դեռ հնարավոր կլինի փրկել ու ուսումնասիրել։ Ուրախ եմ, որ սուզորդությամբ հետաքրքրվող գիտնականների թիվն ավելացել է, նրանց հետ կապի մեջ եմ։

-Ձեր գտածոներից ամենատպավորիչը ո՞րն է։

-Գիտեք, ջրասուզական գործում մի չգրված օրենք կա․ ոչ ոք իրավունք չունի ուրիշի գտածն իրեն վերագրել։ Օրինակ՝ սուզորդ-ջրափրկարար Վահե Մելքոնյանը 15-րդ դարի ջրասուզական նավակ է հայտնաբերել, եւ դրա հետագա ուսումնասիրության հարցերը պետք է համաձայնեցնել միայն նրա հետ։

Նույնկերպ, ստորջրյա քաղաքը հայտնաբերել ենք ողջ թիմով։ Որպես անձնական հայտնագործություն՝ կարող եմ նշել դեղին վահանախեցգետնիկը բարձրլեռնային Ակնա լճում։ Ցավոք, լճում իշխանի բուծումից հետո այս տեսակն իսպառ վերացել է։

Որպես պատմական «առեղծված»՝ այս պահին փնտրում եմ «Աշոտ Երկաթ» ռազմանավի մասին արխիվային փաստաթղթեր։ 20-րդ դարի սկզբին Սեւանա լճի մակերեսն ավելի մեծ է եղել, եւ ճանապարհների ոչ բարեկարգ լինելու պատճառով ամենահարմար փոխադրամիջոցը եղել է նավը։ Փաստեր կան, որ «Աշոտ Երկաթ» շոգենավը, որ հանգամանքների բերումով վերածվել է ռազմանավի՝ ունենալով երկու գնդացիր ու փոքրիկ հրանոթ, կարողացել է Վարդենիսի կողմից հարձակված կովկասյան թաթարների (ներկայիս՝ ադրբեջանցիներ) հետ կռվում հաղթանակ տանել եւ հետ մղել թշնամուն։ Դրանից առաջ «Աշոտ Երկաթը» մարտեր է մղել նաեւ Արաքս գետում։ Հայաստանի խորհրդայնացումից հետո այն ծառայել է որպես ձկնորսական նավ։ Հետաքրքիր է, որ ռուսախոս սպան, որը զբաղվել է Արաքս գետից Սեւանա լիճ տեղափոխված ռազմանավի վերականգնմամբ, անվան մեջ ուղղագրական սխալ է թույլ տվել՝ «Աշօտ Երկաթ»։ 1939 թվականին նկարահանված «Սեւանի ձկնորսները» ֆիլմում մենք տեսնում ենք նույն «Աշօտ Երկաթ» անունով նավը։ Եթե ենթադրենք, որ դա հենց իրական ռազմանավն է, ուրեմն կարող ենք պնդել, որ իսկապես ծովամարտ ենք ունեցել կովկասյան թաթարների հետ։

Ցավոք, 1940-ականներին խորհրդային իշխանությունների որոշմամբ նավը քանդել են եւ ձուլել։ Այդտեղից էլ պատմության թելը կտրվում է։

-Գրեթե 45 տարի ջուրը Ձեր տարերքն է։ Նույնքան ժամանակ առնչվում եք մահվան ու կյանքի հետ։ Ո՞րն է ջրասուզակ-ջրափրկարարի մասնագիտության ամենադժվար կողմը։ Ի՞նչ է փոխվել Ձեր մեջ այս ընթացքում՝ որպես մարդ, մասնագետ։

— Ինձ համար միշտ ամենադժվար պահը եղել է զոհված մարդուն ջրից հանելուց հետո նրա հարազատի աչքերին նայելը։ Ընդհանրապես, ջուրն ագրեսիվ միջավայր է, թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես ստորջրյա աշխատանքը ծանր է։ Սովորել եմ զգացմունքներս կառավարել թե՛ ողջ մարդուն, թե՛ ջրահեղվածին դուրս բերելիս։

-Երկու տարի առաջ լույս տեսավ Ձեր «Ջրասուզական պատրաստություն» ուսումնական ձեռնարկը։ Ինչպե՞ս որոշեցիք գիրք գրել։

— Մինչ այդ երբեւէ հայերեն ջրասուզական ուսումնական ձեռնարկ չէր եղել։ Ցանկացա, որ սուզորդության մասին տարրական գիտելիք չունեցող մարդը վերցնի գիրքն ու պատկերացում կազմի ջրափրկարարի աշխատանքի մասին։

Ընդհանրապես, փրկարարությունը պրակտիկ ոլորտ է։ Հուսով եմ, որ մի օր թե՛ փրկարար ծառայությունը, թե՛ ակադեմիան լիարժեք գույքային համալրվածություն կունենան, եւ գուցե՝ սեփական օդային նավատորմը։ Մեր փրկարարների մարդկային որակներն անգնահատելի են․ դա արդեն գործի կեսն է։

-Ինչպե՞ս կգնահատեք ուսանողների հետաքրքրվածությունը։ Ունե՞ք սաներ, որոնք ջրափրկարարության մեջ են իրենց ապագան տեսնում։

-Կարող եմ ասել, որ մերօրյա երիտասարդները՝ հատկապես աղջիկները, այնքան համարձակ են, տրամաբանող, ֆիզիկապես ուժեղ։ Վերջերս միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողուհիներից մեկը դիմել է ջրափրկարար-հրահանգիչ դառնալու համար։ Եթե նրա առաջարկը հավանության արժանանա, ես հպարտ կլինեմ մարզելու եւ գիտելիքս փոխանցելու առաջին պրոֆեսիոնալ կին ջրասուզակ-հրահանգչին։ Ինչու չէ՝ նա հետագայում ՃԿՊԱ-ում իմ գործի շարունակողը կդառնա։

-Բոլորիս կյանքում հայտնվում է կարեւոր մեկը, ուսուցիչ, որի հետ ծանոթությունից հետո գլխովին փոխվում ենք։ Ո՞վ է եղել այդ մեկը Ձեզ համար։

-Լեոնարդո Դա Վինչին։ Նա իմ թալիսմանն է։ Ես անմիջական առնչություն եմ ունեցել նրա հայտնագործությունների հետ՝ պլաներ, սավառնակ, պարաշյուտ, սպորտային ինքնաթիռ եւ ակվալանգ։ Ինձ համար նա հանճար է։

-Այսքան մասնագիտական եւ կենսագրական փորձով հանդերձ՝ ունե՞ք չկատարված երազանք կամ նպատակ։

-Այո՛, իմ նպատակն է օդաչու դառնալը՝ իր մեծ օդանավով ու ուղեւորներով։ Երկար տարիներ ինքնաթիռային սպորտով եմ զբաղվել, բայց լիարժեք օդաչու դեռ չեմ դարձել։

-Օդ եւ ջուր ո՞ր տիրույթում եք Ձեզ ավելի ազատ զգում։

-Անբացատրելի է։ Այդպես էլ օդաչու չդարձած Իվ Ժակ Կուստոյի խոսքը կկրկնեմ՝ ես սավառնում եմ ջրի տակ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ․Գ․ 911tert.am-ը բազմաթիվ հրապարակումներ է պատրաստել ջրափրկարարների օգնությամբ: Ահա դրանցից մի քանիսը.

Սեւանա լիճը՝ պատմական հանելուկ

Ծով չունեցող երկրի ներկայացուցիչը ծովային մարզաձեւի չեմպիոն

ՃԿՊԱ ջրափրկարարական ցիկլի պետն օգնել է բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողներին

Սեւանա լիճն օգնության կարիք ունի

ՃԿՊԱ դասախոսը ստորջրյա նոր գաղտնիքներ է բացահայտում

Ջրասուզական հանդերձանքի էվոլյուցիան՝ Դա Վինչիից մինչեւ Գաուզեն

Հայաստանի ստորջրյա գաղտնիքները Ակնա լիճ