Ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» մշտապես կատարելագործում է դասավանդման մեթոդիկան եւ ողջունում նորարարությունները։

ՃԿՊԱ շրջանավարտ, ներկայումս արդեն ակադեմիայի «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության օրենսդրություն» եւ «Առաջին օգնություն» առարկաների դասախոս Արինա Առաքելյանն ուսուցման յուրօրինակ մեթոդ է կիրառել՝ թիմբիլդինգ։ Նախաձեռնությունն իրականացվել է Ստեփանավանում սովորող ուսանողների համար: Նպատակը՝ բարձրացնել միջին մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսեցիների համախմբվածությունն ու աշխատանքի արդյունավետությունը՝ համատեղ առաջադրանքի միջոցով։

Արինա Առաքելյանի խոսքով՝ Հայաստանի նման ճգնաժամային իրավիճակներ ապրող երկրում հաղորդակցության մեծ խնդիր կա, մարդիկ իրար լսել չգիտեն։ Իսկ համախմբվածությունն այսօր առավել քան երբեւէ պետք է մեզ։

Ուսանողները ֆիլմ են դիտել թիմբիլդինգի եւ դրա ազդեցության մասին, խաղերի միջոցով փորձել հասկանալ՝ ինչ օգնություն է հարկավոր դիմացինին։ Օրինակ՝ թիմը բաժանվել է խմբերի, յուրաքանչյուրում ընդգրկել են իրար քիչ ճանաչող ուսանողներ։ Ամեն մեկը ներկայացրել է տարբեր պատմություններ՝ դրական կամ բացասական, եւ մյուսները փորձել են գտնել համատեղ լուծումներ, սովորել կառավարել հույզերը։ Ամենից շատ սիրվել է «Ձվաթափ» խաղը, որի նպատակն է տարբեր առարկաների օգնությամբ հնարավորինս երկար պահել ձուն օդում։

Արինան կարեւորեց ամեն ուսանողի անհատականությունն ու կարծիքը եւ վստահեցրեց, որ թիմբիլդինգը իր նպատակին կծառայի։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արինա Առաքելյանը