Հոկտեմբերի 5-6-ն Աղվերանում անցկացվում է մարդու անվտանգության մոտեցումներով ուղղորդված համայնքային զարգացման ռազմավարության պլանավորմանը նվիրված աշխատաժողով, որին մասնակցում են նաեւ Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներկայացուցիչները։

Մարդու անվտանգության մոտեցումներով ուղղորդված համայնքային զարգացման ռազմավարության պլանավորման հայեցակարգը «Մարդկային անվտանգության հայեցակարգի ինտեգրումը Սյունիքի մարզի վերականգնման քաղաքականության մեջ» ծրագրի բաղադրիչն է։ Այն իրականացնում են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը եւ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Ծրագրի նպատակն է մարդկային անվտանգության մոտեցումների կիրառմամբ բարելավել Սյունիքի մարզային եւ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի համայնքային զարգացման պլանավորման գործընթացները՝ ներառելով համապարփակ, մարդակենտրոն լուծումներ եւ կատարելագործելով պաշտպանության մեխանիզմները։

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչ Վահան Հարությունյանի խոսքով՝ աշխատաժողովի ժամանակ բոլոր շահագրգիռ անձինք ծանոթացել են հայեցակարգին։ Հաջորդիվ թիրախային համայնքներում անցկացվելու են խորացված դասընթացներ՝ մարդկային անվտանգության եւ խոչընդոտների վերլուծության վերաբերյալ։ Վերապատրաստման եւ մարդկային անվտանգության 4 սկզբունքով գնահատման արդյունքում կմշակվի առաջարկությունների փաթեթ՝ առաջիկա 5 տարում մարդկային անվտանգության մոտեցումների ինտեգրման համար։

Ծրագիրը ներառում է քաղաքական, տնտեսական, բնապահպանական, համայնքային, պարենային, առողջապահական  եւ անձնական անվտանգության բաղադրիչները։

Մանրամասներին դեռ կանդրադառնանք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ