Հոկտեմբերի  9-ին Ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» հերթական անգամ հյուրընկալեց ամերիկյան «Association for Trauma Outreach and Prevention (ATOP) MeaningfulWorld»՝ Տրավմայի մասին իրազեկման եւ կանխարգելման «Իմաստալից աշխարհ» ասոցիացիայի ներկայացուցիչներին՝ հիմնադիր, հոգեբանության դոկտոր Անի Գալայճեանի գլխավորությամբ։ ՃԿՊԱ-«Իմաստալից աշխարհ» համագործակցությունը սկսվել է 2019 թվականին:

Անի Գալայճեանը ներկայացրեց ասոցիացիայի տպագրած գրքերը, որոնք արդեն հասանելի են Հայաստանի գրախանութներում՝ Forget me not, A journey of Empowerment, Healing and Transformation եւ Mass Trauma and Emotional Healing around the World։

Խոսելով վերջին շրջանում աշխարհում ավելացող հակամարտությունների թողած ազդեցության մասին՝ Անի Գալայճեանը նշեց, որ հոգեկան առողջության պահպանումն այսօր շատ է դժվարացել։ Հիմնական խնդիրը, որոնք ունենում են հոգեբանական աջակցության դիմած մարդիկ, այն է, որ նրանք չեն կարողանում ճիշտ բնորոշել իրենց զգացողությունները։ Հասկանալով՝ ինչ ես իրականում զգում, կկարողանաս ղեկավարել դրանք, ի վերջո՝ ձերբազատվել բացասական լիցքերից։ Կարեւորը երբեք թույլ չտալ, որ մտահոգությունը, վախը, տխրությունը, ամոթը, անհանգստությունը վերածվեն զայրույթի։ Զայրույթը կործանիչ է բոլոր պարագաներում։

Ժամանակակից հոգեբանությունը զգացմունքային ծանրաբեռնվածությունը թոթափելու տասնյակ մեթոդներ է առաջարկում՝ մեդիտացիա, ֆիզիկական վարժություններ եւ այլն։ Անի Գալայճեանը մի քանի պարզ գաղտնիք է բացում․ երբ կիսում ես ցավդ, այն մեղմանում է, ուրախությունդ կիսելիս այն բազմապատկվում է, իսկ երբ օգնում ես դիմացինին, բավարարվածությունդ լիարժեք է լինում։ Օրվա պարտադիր անելիքներից մեկը պետք է լինի առավոտյան արթնանալուց հետո առատ ջուր խմելը։ Այն մաքրում է օրգանիզմը թույներից եւ դրական մտքեր պարգեւում։

Դասընթացի մասնակիցները ծանոթացան նաեւ դոկտորի մշակած 7 քայլից բաղկացած ինտեգրատիվ բուժման մոդելին, որն ուղղված է մտահոգվածության աստիճանի բացահայտմանը, բացասական զգացումների վերհանմանը, ինքնամաքրմանը, հոգու հանգստության ձեռքբերմանը, մարմնի ու մտքերի հավասարակշտությանը եւ այլն։ Բուժման կարեւորագույն կետերից է Մայր երկրի հետ կապի պահպանումը, հաճախ ոտաբոբիկ քայլելը, ծառ տնկելը եւ այլն։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց ակադեմիայում զայրույթի կառավարման խմբեր ստեղծելու եւ առցանց հանդիպումների կազմակերպելու մասին։

Տրավմայի մասին իրազեկման եւ կանխարգելման «Իմաստալից աշխարհ» ասոցիացիան Հայաստանում գործունեություն է իրականացնում Սպիտակի երկրաշարժից հետո՝ 1999 թվականի հունվարից։ Կառույցի առաջնահերթություններն են կանանց իրավունքների պաշտպանությունը, խաղաղության, անհատական եւ ազգային մակարդակում առողջության պահպանումը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի