ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հրապարակել է ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների  գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի եւ բնական գիտությունների ամբիոնի վարիչ, պահեստազորի փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի հեղինակած «Բնակչության պաշտպանության ոլորտում կապի եւ ազդարարման համակարգերի շահագործումը» ուսումնական ձեռնարկը:

Հեղինակները մեջբերելով տեղեկատվական տեսությունների դասական Նորբերտ Վիներին՝ աշխարհի բոլոր դժվարությունները գալիս են տեղեկատվության պակասից, պնդում են, որ արտակարգ իրավիճակներում եւ պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանության (քաղաքացիական պաշտպանության) կառավարումը բարդ եւ բազմաշերտ գործառույթներով համակարգ է, որն ընդգրկում է կառավարման մարմիններ, կառավարման կետեր, կապի եւ ազդարարման ուժեր ու միջոցներ: «Բնածին, տեխնածին եւ այլ բնույթի վտանգներից բնակչության պաշտպանության (այդ թվում` նաեւ քաղաքացիական պաշտպանության) կազմակերպումը եւ վարումը պետական քաղաքականության կարեւորագույն խնդիր է: Արտակարգ իրավիճակները կարելի է կանխել կամ էապես նվազեցնել դրանց բացասական հետեւանքները, եթե դրանց առաջացման վայրի եւ ժամանակի մասին ստացված տեղեկատվությունը ժամանակին եւ հավաստի է: Մարդու գործունեության տեղեկատվական ոլորտը որոշիչ գործոն է հասարակության, պետության ինտելեկտուալ, տնտեսական, պաշտպանական հնարավորությունների համար: Քաղաքակրթության զարգացման հետ առաջ եկավ եւ կատարելագործվեց տեղեկատվության ընդունման, մշակման, վերլուծման, փոխանցման ու պահպանման անհրաժեշտությունը եւ, ընդհանրապես, հաղորդակցման գործընթացը», — վստահ են գրքի հեղինակները:

«Բնակչության պաշտպանության ոլորտում կապի եւ ազդարարման համակարգերի շահագործումը» ուսումնական ձեռնարկում մանրամասն ներկայացված են բազմաթիվ հասկացություններ՝ արտակարգ իրավիճակ, տեղական, համայնքային, մարզային, հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակ, կապի եւ ազդարարման համակարգեր, կապի ցանցի անվտանգություն եւ սպասարկում եւ այլն:

Ձեռնարկի վերջում ներկայացված են թեմաների վերաբերյալ հարցաշար-թեստեր. ո՞վ է ընդունում հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում ազդարարման իրականացման մասին որոշումները, ինչպե՞ս են ազդարարում տրանսպորտային միջոցներում գտնվող բնակչությանը, արխիվում որքա՞ն է պահպանվում ազդարարման միջոցների սպասարկման Ժամանակացույցը, ուժեղ երկրաշարժի մասին ո՞վ է ազդարարում Հայաստանի վարչապետին, որոնք են ազդարարման ազդանշանների տեսակները եւ այլն:

Ձեռնարկը օգտակար կլինի ինչպես բնակչության պաշտպանության հարցերն ուսումնասիրող ուսանողներին, հետազոտողներին, այնպես էլ ոլորտում աշխատողներին: