Ինչպես ցանկացած այլ ամսին, նոյեմբերին եւս, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» կազմակերպվել են ուսանողների ոչ ֆորմալ կրթության ծրագրեր:

Նոյեմբերի 2

ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները, «Ճգնաժամային կառավարման ամբիոնի դասախոս Կարինե Ղալթաղչյանի ուղեկցությամբ եղել են Հայաստանի կենտրոնական բանկում, ծանոթացել ԿԲ գործառույթներին:

Նոյեմբերի 3

ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրի «Փրկարարական գործ», «Հրդեհային պաշտպանություն» եւ «Քաղաքացիական պաշտպանություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները, մասնագիտական առարկաներով գործնական պարապմունք են անցկացրել ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում: Թեմաները՝ վթարափրկարարական տեխնիկական միջոցներ, փրկարարական աշխատանքների կազմակերպում, լեռնափրկարարական պատրաստություն, րկարարական պատրաստություն: Գործնական պարապմունքը վարում էին ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը եւ ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը:

Ուսանողները լեռնափրկարարական պատրաստություն առարկայից ստացան իրավիճակային առաջադրանքներ, գործնականում կազմակերպեցին եւ իրականացրեցին թեք լանջի հաղթահարում համապատասխան գույք հանդերձանքի օգնությամբ, աշխատեցին փրկարարական աշխատանքներում կիրառվող էլեկտրական եւ ներքին այրման շարժիչով աշխատող գործիքներով: Փոքր մեխանիզացիայի տեխնիկական միջոցների կիրառման հետ միաժամանակ ուսանողներին ներկայացվում են այդ միջոցների կիրառման անվտանգության հիմնական կանոններն ու պահանջները:

Նոյեմբերի 13

ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները կուրսղեկ Աննա Ենգիբարյանի հետ այցելել են Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված Ժիրայր Աղավելյանի «Չկա սկիզբ ու վերջ» անհատական ցուցահանդես: Ուշագրավ էին ֆոտոռեժիսուրայի միջոցով խոսքից, երաժշտությունից, շրջապատող երեւույթներից, մարդկանցից, բնությունից ստացված ցուցանմուշները, որոնք կարծես բնավորություն ունեին։ Կարեւորելով նյութական արժեքների պահպանության խնդիրը՝ ուսանողներն առանձնակի ուշադրությամբ ծանոթացան հաստատության անվտանգության համակարգին, ուսումնասիրեցին տարհանման պլանը:

Նոյեմբերի 17

ՃԿՊԱ «Բնական գիտությունների» ամբիոնի դասախոս Նաիրա Մնացականյանի նախաձեռնությամբ միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները «Լանդշաֆտագիտություն եւ էկոլոգիա» առարկայի գործնական աշխատանք են կատարել: Թեման՝ «Աշխարհագրական թաղանթի օգտագործումն ու աղտոտումը»:

Նոյեմբերի 17

ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները հայոց լեզվի եւ գրականության դասախոս Մարինե Կարապետյանի ուղեկցությամբ այցելել են Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան: Ուսանողները մեծ ոգեւորությամբ կարդում էին Աբովյանի ձեռագրերը (Աբովյանը գեղեցիկ ձեռագիր ուներ): Աբովյանի տոհմատունը պատմական հուշարձան է՝ իր հնություններով, կահ-կարասիով, թոնրատնով: Ուսանողները հիացած էին Աբովյանի ծննդավայրի՝ Քանաքեռի անվան ծագման պատմությամբ, Լուսավորչի երաժշտական գործիքներին տիրապետելու կարողությամբ:

Նոյեմբերի 23

«Ճգնաժամային կառավարման» ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ինգա Նասիլյանի նախաձեռնությամբ, ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները SWOT վերլուծությամբ (S` Strengths՝ ուժեղ կողմեր, W՝ Weaknesses, թույլ կողմեր կամ թերություններ, O՝ Opportunities՝ հնարավորություններ, T՝ Threats՝ սպառնալիքներ կամ ռիսկեր) եւ ռազմավարական պլանավորման մեթոդով ներկայացրեցին Հայաստանում գործող մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան»: Նաեւ՝ հիմնական դպրոց, անվտանգության (պահնորդական, տեսահսկման) ծառայություններ մատուցող ընկերություն, պետական գերատեսչություն, վճարահաշվարկային ընկերություն, միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակ:

Վերլուծությունները արված էին հենց կառավարման հարթությունում: Օրինակ ուսանողներն արձանագրել էին, որ դպրոցն ունի ընդարձակ բակ եւ լայն միջանցնքներ, տարհանման պլան եւ կրակմարիչներ: Բայց 60 տարի առաջ կառուցված շենքի նկուղը որեւէ կերպ ապաստարան չի դառնում: Կամ պահնորդական ընկերության աշխատանքի արդյունավետության վրա կարող է ազդել ոչ ճիշտ տեղեկությունը, ուշացած ահազանգը:

Նոյեմբերի 28

«Ճգնաժամային կառավարման» ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ինգա Նասիլյանի եւ «Քաղաքացիական պաշտպանության» ամբիոնի դասախոս Կարինե Զիրաքյանի նախաձեռնությամբ ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի մոտ 15 ուսանող այցելել են ՆԳՆ փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչություն: Ուսանողները ծանոթացել են փրկարարների աշխատանքի տարբեր հարթություններին՝ պլանավորում, կազմակերպում, համակարգում, կապ եւ ազդարարում, պլանների մշակում, հաստատում, փոփոխություններ, օպերատիվ կառավարում եւ այլն:

Նոյեմբերի 29

Փրկարարական ամբիոնի դասախոս Հովհաննես Խաչատրյանի եւ ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ Էմլասակյանի նախաձեռնությամբ, ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի առաջին կուրսի 25 ուսանող «Նախնախան զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում «Գիշերային ռազմական տեղագրություն, դիրքերի ընտրություն, կողմնորոշում» դաս են անցկացրել: Ուսանողները բաժանվել են 5 հոգանոց խմբերի. մի մասը թաքնվել է, այլոք՝ փնտրել նրանց: Առաջադրանքը կատարվել է բարձր մակարդակով:

 

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են դասախոսները