Դեկտեմբերի 3-ին անցկացվեց Կիոկուշին կարատեի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էր նաեւ Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, Հայաստանի կրկնակի չեմպիոն, միջազգային առաջնության կրկնակի չեմպիոն ու գավաթակիր Սուսաննա Կլեկչյանը։ Նա հանդես եկավ մինչեւ 55 կգ քաշային կարգում ու զբաղեցրեց առաջին տեղը՝ դառնալով Հայաստանի եռակի չեմպիոն։

Երիտասարդ մարզիկը խոստովանում է՝ հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։ Քրտնաջան աշխատանք ու փորձ է պետք, որ մենամարտելիս քեզ վստահ զգաս։

ՃԿՊԱ սանը վերջերս մասնակցել է նաեւ Նիդերլանդներում կայացած Կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությանը, առաջին մենամարտում փայլուն հաղթանակ տարել իսպանացի մարզիկի նկատմամբ։ Երկրորդ մենամարտում մրցավարները հաղթողի տիտղոսը շնորհել են ռումինացի կարատեիստին՝ չնայած Սուսաննայի ակնհայտ առավելությանը։ Մարզիկն ասում է՝ մեծ մրցաշարերում անարդարությունն ավելի նկատելի է, բայց ինքը չի վհատվում։ Առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնության, կարեւորը կարողացավ լարվածությունը հաղթահարել։ Ամեն ինչ դեռ առջեւում է։

Սուսաննայի համար տարին հաջողակ էր սպորտային կարիերայում առաջընթացի առումով։ Նրան վերջերս շնորհվել է կանաչ գոտի։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Սուսաննա Կլեկչյանը