ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում՝ 1988 թվականի դեկտեմբերի յոթի Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից առաջինը տեղի ունեցավ այսօր: ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի առաջին կուրսեցիների համար կազմակերպել էր «Հայկ» ստուդիայի նկարահանած «Ռեքվիեմ» ֆիլմի ցուցադրությունը: Միջոցառմանը ներկա էր մոտ 80 ուսանող, ՃՊԿԱ դասախոսներ:

Նախքան ֆիլմի դիտումը ուսանողներին դիմեց ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը: «Ձեր գիտելիքից է կախված ոչ միայն ձեր, այլ նաեւ ձեր գործընկերոջ եւ տուժածի կյանքը, պատասխանատու եղեք», — պատգամեց Արմինե Հայրապետյանը:

«Ռեքվիեմ» ֆիլմը վավերագրական է՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժին հաջորդած օրերին արված տեսանյութեր՝ քանդված բնակավայրերից: Ֆիլմում չկան փրկարարական պրոֆեսիոնալ աշխատանքներ, կա աղետ, վիշտ, ողբերգություն, կարեկցանք, հավատ, հույս, վերածնունդ:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թադեւոսյանի խոսքով, նշված հարցերի շուրջ ուսանողների հետ քննարկումներ լինում են դասերի ժամանակ: Ֆիլմում երեւում է այն ամենը ինչի մասին խոսում են դասերի ժամանակ: Օրինակ՝ ինչի է հանգեցնում քաղաքում խիտ շինարարությունը (մեկ անորակ շենքը փլվում է եւ կործանում կողքի շենքերը), ինչպես ճիշտ կազմակերպել դրսից եկող օգնության ստացումն ու բաշխումը տուժածներին (աղետի սոցիալ-տնտեսական հարթություն), ինչպես վարվել վտանգավոր օբյեկտների հետ (քիմիական արտադրություն, ջրամբար եւ այլն), ինչ աղետալի հետեւանքների է բերում թերագնահատված սեյսմիկ ռիսկը կամ բազմաբնակարան շենքում ինքնագլուխ եւ անօրինական կառուցվածքային միջամտությունը եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակացույցը՝ այստեղ: