ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի նախաձեռնությամբ դեկտեմբերի 6-8-ը կանցնացվեն 1988 թվականի դեկտեմբերի յոթի Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: 2001 թվականին ընդունված «Տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքով դեկտեմբերի յոթին նշվում էր երկրաշարժի զոհերի հիշատակի օրը: 2019-ին նշված օրենքում կատարվեց լրացում եւ դեկտեմբերի յոթը դարձավ երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետներին դիմակայունության օր:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան նախատեսել է հետեւյալ միջոցառումները: Սկիզբը՝ 11:00-ին:

Դեկտեմբերի վեցին. «Աղետալի վտանգավոր երեւույթներ, դրանց հետեւանքները եւ բնակչության պաշտպանությունը թեմայով սեմինար եւ Սպիտակի երկրաշարժին նվիրված ֆիլմի դիտում: Ծանոթություն ՃԿՊԱ տեղեկատվական տեխնոլոգիաների խմբի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի հետ: (ՃԿՊԱ դահլիճ, մուտքն ազատ է):

Դեկտեմբերի յոթին. փրկարարական գործիք-սարքավորումների եւ առաջին օգնության պարագաների ցուցադրում եւ գործնականում կիրառում (ՃԿՊԱ բակ, մուտքն ազատ է):

Դեկտեմբերի ութին. «Աղետների ռիսկի նվազեցման եւ աղետներին դիմակայունության ապահովման  ուղղությամբ առկա հիմնահարցեր թեմայով սեմինար (ՃԿՊԱ դահլիճ, մուտքն ազատ է):