Ամիսներ տեւած քննարկումներից հետո, անցած շաբաթ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան համագործակցության հերթական հուշագիրն է ստորագրել: ՃԿՊԱ նոր գործընկերը գերմանական՝ KIT (Karlsruhe institute of techonogy) տեխնոլոգիական ինստիտուտն է: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել համագործակցող կողմերի գործընկերների աջակցությամբ՝ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ՝ ԱՌՆԱՊ, EIFER (European institute of energy research) էներգետիկ հետազոտությունների եվրոպական ինստիտուտ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտ, «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերություն: ՃԿՊԱ-ն եւ KIT-ը նշված կազմակերպությունների հետ համագործակցության հարուստ փորձ ունեն. բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել ԱՌՆԱՊ-ն ու ՃԿՊԱ-ն, KIT-ն ու «Գեոռիսկը», ՃՊԿԱ-ն եւ «Գեոռիսկը» եւ այլն:

Հուշագրով սահմանված են համագործակցության մի շարք հարթություններ. Հայաստանի պոչամբարների եւ ջրամբարների ամբարտակների մոնիտորինգ, ամբարտակների եւ մարդկանց համար, բնական եւ կառուցված միջավայրի վտանգների բացահայտում, ամբարտակների կայունության թվային մոդելավորում, համատեղ հետազոտություն խորը երկրաջերմային էներգիայի ռեսուրսների ոլորտում, երկրաֆիզիկական հետախուզման մեթոդներ, աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS) եւ հեռահար զոնդավորում, կարողությունների զարգացում, գիտելիքահեն կրթություն, ուսանողների եւ դասախոսների փոխայցեր, համատեղ այլ ծրագրեր:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող, աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանի խոսքով, ՃԿՊԱ-KIT հուշագիրը հայկական եւ գերմանական աղետների ռիսկի նվազեցման կրթական եւ գիտահետազոտական հաստատությունների միջեւ բազմակողմ եւ բազմաճյուղ համագործակցություն է եւ աննկարագրելի կարեւոր հնարավորություն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ