Դեկտեմբերի 4-ին, Ստեփանավանում կայացավ նախադեպը չունեցող առաջին օգնության առաջնություն, Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ, «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության օրենսդրություն» եւ «Առաջին օգնություն» առարկաների դասախոս Արինա Առաքելյանի նախաձեռնությամբ: Մասնակցում էին ՃԿՊԱ Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում ու նորոգում», «Արտակարգ իրավիճակների կառավարում» եւ «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտությունների երկրորդ կուրսի ուսանողները։

Միջոցառումը երկու մասից էր։ Տեսական մասում թիմերը պատասխանեցին 20 թեստային հարցի, դահլիճում ներկա էին բոլոր ուսանողներն ու ակադեմիայի դասախոսները։ Նպատակն էր ստուգել ուսանողների ընդհանուր գիտելիքն առաջին օգնության վերաբերյալ։

Գործնականում խաղարկվեց երկու սցենար՝ ավտովթար եւ փլուզում՝ 4-ական տուժածով։ Կային նաեւ խանգարող անձինք, որոնք սովորաբար վնասվածք չեն ունենում, բայց լինում են ոչ ադեկվատ վիճակում եւ խուճապ են տարածում։ Թիմերը փորձեցին հանգստացնել նրանց, իսկ մեկի դեպքում, ըստ սցենարի, սխալ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու պատճառով խանգարողի ինքնազգացողությունը վատացավ, եւ նա էլ դարձավ տուժած։

Միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ սցենարն այնպես է մշակվել, որ վնասվածքները չկրկնվեն։ Թիմերը հմտորեն ցուցադրեցին՝ ինչպես դադարեցնել արյունահոսությունը, կատարել սիրտ-թոքային վերակենդանացում, ֆիքսել կոտրվածքը, մշակել այրվածքները, օգնել գիտակցությունը կորցրածին։

«Որպես մասնագետ՝ ինձ շատ դուր եկավ թիմերի ղեկավարների եւ անդամների համատեղ աշխատանքը։ Շատ արագ էին կողմնորոշվում, անգամ եթե իրավիճակ էր փոխվում։ Օրինակ՝ տուժածները փորձում էին իրենց վարքագծով շեղել նրանց, ասենք, պնդում էին, որ այրվածքին ձեթ քսեն։ Բարեբախտաբար ոչ ոք այդ պրովոկացիային կուլ չգաց»,- ժպիտով հավելեց Արմեն Առաքելյանը։

Հաղթողի գավաթը ստացան «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտության ուսանողները։

Արմեն Առաքելյանի խոսքով՝ հետագայում կարելի է ընդլայնել առաջնության շրջանակը՝ ընդգրկելով ակադեմիայի թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցմամբ ուսանողներին։

Միջոցառման ավարտին մրցավարներն ու դասախոսները համատեղ որոշեցին, որ առաջին օգնության արագացված դասեր կանցնեն ակադեմիայի բոլոր դասախոսներն ու այլ աշխատողները՝ հաշվի առնելով վերջերս ուսանողներից մեկի մոտ գրանցված ուժեղ արյունահոսության դեպքը։ Դասերը կվարեն Արինա Առաքելյանն ու ՃԿՊԱ դասախոս, «Լոռէ» փրկարար ջոկատի հրահանգիչ Մեսրոպ Հովհաննիսյանը:

ԱՆի ԱՆՏՈՆՅԱՆ