ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները «Ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով խաղ էին կազմակերպել: Խաղի հիմքում ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Մաթեւոսյանի «Ճգնաժամային կառավարման խաղեր» գրքում ներկայացված իրավիճակներից մեկն էր:

Ուսանողների կատարած աշխատանքը ուշագրավ էր՝ հաշվարկված էին բոլոր մանրամասները՝ Մեծամորի ատոմակայանում հնարավոր վթարի դեպքում ազդարարման, ճառագայթային մոնիտորինգի, տարհանման կազմակերպումը, պետական տարբեր օղակներին ազդարարում-իրազեկումը, լրատվամիջոցների հետ աշխատանքը, ռադիոակտիվ ամպի տարածման՝ քամու ուղղությունը, տարհանման ուղիներն ու ճանապարհների ծարնաբեռնվածությունը, անհրաժեշտ ջրի քանակը, ընդունման կետերի բախշվածությունը, Արմավիրին հարեւան մարզերում իրականացվելիք աշխատանքները եւ այլն:

Խաղին հետեւում էին ՃԿՊԱ դասախոսները, ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանի գլխավորությամբ: Ավարտին Արմինե Հայրապետյանը նկատեց. հետազոտությունը լավ էր, շարունակեք, ուշադիր եղեք մանրունքների նկատմամբ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ