Այսօր՝ մայիսի 10-ին, համագործակցության հուշագիր ստորագրեցին ՀՀ ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» (ռեկտորի պարտականությունները կատարող՝ փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյան) եւ «Կյանքի աստղի միջազգային կոմիտե» միջազգային մարդասիրական հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Վլադիմիր Դաշյան): Վլադիմիր Դաշյանը ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրի 2021 թվականի շրջանավարտ է եւ մտադիր է ուսումը շարունակել ակադեմիայի մագիստրատուրայում:

ՃԿՊԱ շրջանավարտի ստեղծած կազմակերպությունը կազմակերպում է առաջին օգնության, ճգնաժամային կառավարման եւ նման այլ թեմաներով դասընթացներ ու կուզենար իր աշխատանքներում ներգրավվել նաեւ ՃԿՊԱ մասնագետներին: Հուշագրով կողմերը պարտավորվեցին համագործակցել ոչ միայն թեմատիկ դասընթացներ կազմակերպելու, այլ նաեւ այլ ուղղություններով. բնության եւ շրջական միջավայրի պահպանության եւ բարեկարգման աշխատանքների իրականացում, մշակույթի եւ արվեստի հուշարձանների պահպանման աշխատանքների իրականացում, մարզական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքների իրականացում, սոցիալական, բարեգործական եւ այլ մարդասիրական աշխատանքների իրականացում, ուսանողներին, դասախոսներին եւ այլ մասնագետներին ու աշխատակիցներին կամավորական աշխատանքներում ներգրավում եւ այլն: