Մայիսի 6-ին կայացել է պարաբազկամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է նաեւ Ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ուսանող, 20-ամյա Էդվարդ Նիկողոսյանը։ Ստեփանավանի քաղաքային ու Լոռու մարզային փուլերի առաջատարն այս անգամ մինչեւ 65 կգ քաշային կարգում աջ ձեռքով նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը։

Էդվարդը 5 ամսից ավելի զբաղվում է բազկամարտով։ Հարցին, թե ինչն է հատկապես գրավում այս մարզաձեւում, երիտասարդ մարզիկը պատասխանում է․ «Դիմացինին ոչ մի ֆիզիկական վնաս չես տալիս։ Ընդամենը նայում ես նրա աչքերին եւ անում այն, ինչ քեզնից պահանջվում է»։

Իհարկե, ամեն ինչ այդքան հեշտ չէ, արդյունքի հասնելու համար անդադար պարապել է պետք։ Շատ կարեւոր է նաեւ մարզիչի հետ սերտ համագործակցությունը։ Բազկամարտի աշխարհի եռակի չեմպիոն, մարզիչ Սերոբ Աբրահամյանն ամեն հարցում ոգեւորում է Էդվարդին։

Սպորտը շատ բան է տվել երիտասարդին՝ նոր շրջապատ, ընկերներ, ինքնավստահություն։ Առաջիկա նպատակն է նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։

Ուսումն ու բազկամարտը համատեղելու հարցում ընդառաջում է բուհի ղեկավարությունը։ Անկեղծանում է՝ ակադեմիայում ստեղծված է անհրաժեշտ միջավայր հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Միակ մտահոգությունն աշխատանքն է․ երկու տարուց ավարտելու է եւ մեծ ցանկություն ունի արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգ մտնելու։ Թեեւ մայրաքաղաքում աշխատանքի հնարավորություններն ավելի լայն են, սակայն շատերի նման նա էլ չի ցանկանում իր հարազատ Լոռուց հեռանալ։

Փրկարարի մասնագիտությունը պատահական չի ընտրել։ «Չկա ավելի մեծ ուրախություն, երբ կարողանում ես մարդու կյանք փրկել՝ հատկապես իմ պարագայում, քանի որ հենաշարժողական խնդիր ունեմ։ Ես հասկացա, որ կարող եմ պրոֆեսիոնալ առաջին օգնություն ցույց տալ»,- ամփոփում է մարզիկը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Էդվարդ Նիկողոսյանը