Օգոստոսի 4-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա»-ի դասախոս, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը սահմանեց նոր ռեկորդ Երեւանի մետրոպոլիտենի էլ․ հավաքակայանի տարածքում։ Նա ճկույթ մատով 20 մետր տեղաշարժեց 65 տոննա ընդհանուր կշռով երկու վագոն։ Յուրիի նախորդ նմանատիպ ռեկորդը 35 տոննան էր։

Հարցին՝ ինչպես է կարողացել միանգամից կրկնակի քաշ ավելացնել ու նույն հեշտությամբ տեղից պոկել վագոնները, Յուրին ժպիտով պատասխանում է․ «Այլընտրանք չունեի։ Չէի կարող, ասենք, 20 տոննա ավելացնել, քանի որ վագոնն ավելի ծանր էր»։

Իրականում, ամեն նոր ռեկորդ երիտասարդ մարզիկին տրվում է անդադար պարապմունքների ու  աշխատանքի շնորհիվ։ Ասում է՝ մարդու ջլերի ուժն անսահման է։ Ամեն ինչ հնարավոր է, եթե ջլերդ ու մկաններդ կոփված են։ Բացի դրանից՝ միշտ օգնում է հավատը սեփական ուժերիդ, հավատն առ Աստված։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք այսքան ռեկորդ մտածելուց եւ իրագործելուց չի հոգնում։ «Իհարկե հոգնում ես, երբ չես գնահատվում։ Շատ մարզիկներ ջանք ու քրտինք են թափում, որ Հայաստանի պատիվը բարձր պահեն, սակայն փոխարենը ոչինչ չստանալով՝  թողնում-հեռանում են երկրից։ Գնահատանքը մեծ մոտիվացիա է»,- նշում է բազմափորձ մարզիկը։

Այս շրջանում Յուրին նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտով է զբաղվում։  Հուլիսի 30-ին Կապանում կայացած պրոֆեսիոնալ մենամարտերի միջազգային մրցաշարում, որը կազմակերպել էր «Զանգեզուրի Յան մարտարվեստների ասոցիացիան», Յուրին մենամարտել է իրանցի մարզիկի հետ եւ գրանցել իր երրորդ հաղթանակն  այս սպորտաձեւում։

Սպորտից դուրս զբաղվում է նաեւ «Սաքունց» համաշխարհային ռեկորդների գրքի կազմակերպչական հարցերով։ Նախաձեռնությունն օրեցօր ավելի մեծ ճանաչում է գտնում ամբողջ աշխարհում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Յուրի Սաքունցը