Օգոստոսի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա»-ում մեկնարկեցին ընդունելության քննությունները:

Ռեկտոր, փ/ծ գեներալ–մայոր Համլետ Մաթեւոսյանը փրկարարի մասնագիտությունն ընտրած դիմորդներին ասաց, որ այսօր նրանք իրենց ապագան են ընտրում, իսկ ակադեմիայում այդ ապագան լուսավոր է: Հանձնաժողովի նախագահ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանն էլ հավելեց՝ այս բուհն ունի իր կայուն ավանդույթներն ու յուրահատուկ միջավայրը, եւ այստեղից դուրս են գալիս մարդասիրական սպեցիֆիկ մասնագիտությունների տեր մարդիկ:

Ժենյա Ստեփանյանը 19 տարեկան է: 44-օրյա պատերազմի  ընթացքում մարդկանց հետ շփումն է իրեն ոգեշնչել փրկարարի մասնագիտությունն ընտրել: Ընկերներով կամավորական խումբ էին հիմնել ու տարբեր աշխատանքներ էին կատարում: Մի մասը մեկնել էր Արցախ, իսկ ինքն այստեղ նյութական օգնություն էր հավաքում:  Վստահ է՝ փրկարար լինելն իր առաքելությունն է. ոչնչից չի վախենում, դժվարություններից չի խուսափում:

18-ամյա Մարիամ Փիրումյանը միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտներից է: Մանկության երազանքն է փրկարարի համազգեստ կրելը: Իրեն ակտիվ փրկարարի դերում է միայն պատկերացնում: Քոլեջի երեք տարիները շատ բան են տվել՝ գիտելիք, ընկերներ, վառ հիշողություններ: Սիրում է նկարել, պատրաստ է իր արվեստով վարակել մյուսներին:

Սոնա Գեւորգյանը Արցախի Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղից է: Պատերազմից հետո կորցրել է իր տունը, այժմ ընտանիքով Երեւանում են ապրում: Այդ օրերին հանգիստ նստել չի կարողացել. զինվորի համար պարենով լի արկղեր է դասավորել, մասնակցել տարբեր կամավորական նախաձեռնությունների:  «Անձնային հատկանիշներս թույլ են տալիս փրկարարի մասնագիտությունն ընտրել: Երբ հարցնում եք՝ որտեղ եմ ինձ պատկերացնում հինգ տարի անց, չգիտեմ: Պատերազմից հետո շատ բան է փոխվել, մտածելակերպս.  սկսել եմ ավելի հասուն դատել, հայրենիքն ավելի գնահատել: Կարծում եմ՝ Արցախ կվերադառնամ. ինձ դուր էր գալիս այնտեղ ապրելը»,- ասում է Սոնան:

Զրուցեցինք նաեւ ծնողների հետ: Արսեն Բադալյանի մայրը՝ Գայանե Մարգարյանը, հպարտանում է՝ որդին հոր հետքով է գնալու: Հայրը՝ Արթուր Բադալյանը, երկար տարիներ աշխատում է Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատում: Ծիծաղով նշում է՝ ամուսինն էլ կուզեր այստեղ կրթություն ստանալ, բայց հերթն իրեն չի հասնում: Որդուց ակնկալիքները շատ են. լավ մարդ ու մասնագետ դառնա: Այս տարի  հունվարին կզորակոչվի հայոց բանակ:  Մոր խոսքով՝ տղայի համար զինվորական ծառայությունը, զինվորականի հոգեբանությունը պարտադիր են կայանալու համար: Միայն թե խաղաղություն լինի:

Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղից Սերժ Սիմոնյանին ոգեւորելու էին եկել տատն ու մայրը: Սվետլանա Ներսեսյանը վերհիշում է՝ պատերազմներ շատ են տեսել, չեն ցանկանա այդ ամենի միջով կրկին անցնել: Գյուղում 40 ընտանիք են, բոլորը՝ հարազատի պես: Միակ զավակին՝ Սերժին, կրթության են ուղարկում մեծ երազանքով, որ ավարտի, վերադառնա ու շենացնի իր համայնքը: «Մեր գյուղից երբեք ոչ մեկ չի գաղթել: Մարդիկ այսօր էլ սահմանի վրա տուն են կառուցում: Տղաս ու իր նման շատ կիրանցի երիտասարդներ ամուր են, ռիսկով».- նշում է մայրը:

Այս տարի դիմորդների թիվը բավականին ոգեւորիչ է՝ ասում է ՃԿՊԱ ուսումնական գծով պրոռեկտոր Հայկուհի Ղարիբյանը: Առաջին փուլով բակալավրի առկա եւ հեռակա կրթական ծրագրերի վեց մասնագիտությունների գծով քննության է մտել մոտ 150 դիմորդ:

Այս տարի միջին մասնագիտական կրթական ծրագրում նոր մասնագիտություն է ավելացել՝ «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում»: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պահուստային տեղերի հաշվին այս բաժնում անվճար կարող է սովորել 120 ուսանող: Բոլոր կրթական ծրագրերում մրցակցությունն ակնհայտ է:

Հայկուհի Ղարիբյանի կանխատեսմամբ՝ այս տարի ավելի շատ դիմորդներ կլինեն՝ նախորդ տարվա շրջանավարտների համեմատ: Շատ ուրախալի փաստ է նաեւ այն, որ միջին մասնագիտական կրթություն ստացած ուսանողները շարունակում են իրենց ուղին ակադեմիայում:

Հեռակա բաժնում ընդունելության երկրորդ փուլը կկայանա օգոստոսի վերջին:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ