Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Խոսրովի անտառ պետական արգելոցի» տարածքում հուլիսի 29-ին անցկացրել է «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Սցենարի համաձայն՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աշխատակիցը նկարահանող տեսախցիկի միջոցով նկատել է, որ արգելոցի Խաչաձոր տեղամասի Աղսու պահաբաժնում հրդեհ է բռնկվել: Մարման աշխատանքները չի հաջողվում լիարժեք իրականացնել սեփական ուժերով. օգնության է հասել Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հրդեհի մասին ահազանգ է փոխանցվել Արարատի ՄՓՎ ՃԿԿ «911» ահազանգման կենտրոն:

Ուսումնավարժությանը մասնակցել են նախարարության փրկարար ծառայությունը՝ Արարատի մարզային փրկարարական վարչության Վեդու, Մասիսի, Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատները, Ուրցաձորի և Վեդու հրշեջ կամավորական ջոկատները, Կոտայքի վարչության Աբովյանի և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատները, Գառնու հրշեջ կամավորական ջոկատը, ՓԾ բժշկական ապահովման և հոգեբանական աջակցության վարչությունները, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը, նաև Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը, Շրջակա միջավայրի նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի անձնակազմը:
Աշխատանքներին ներգրավվել է 26 միավոր հատուկ տեխնիկա, 106 փրկարար, 71 կամավոր, նաև անօդաչու թռչող սարքեր և պաշտպանության նախարարության ավիացիայի մեկ ուղղաթիռ: Գործողություններն իրականացվել են երկու տեղամասերում՝ Արարատի և Կոտայքի կողմից, կառավարումը՝ արգելոցի Արարատի հատվածում ծավալված շտաբից ԱԹՍ-ների միջոցով:

Ուսումնավարժության նպատակներն են՝ կատարելագործել անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս և անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի ներդաշնակ աշխատանքը:

Առավել մանրամասն՝ այստեղ