Երեւանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի առաջարկով, կենտրոնում կազմակերպվել է «Կառավարումը արտակարգ իրավիճակներում» թեմայով եռօրյա վերապատրաստում պետական տարբեր գերատեսչությունների աշխատակիցների համար: Մասնակցում են Հայաստանի առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի սպորտի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, շրջակա միջավայրի, ֆինանսների նախարարությունների, վարչապետի աշխատակազմի, քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների, տարբեր մարզպետարանների քաղաքացիական ծառայողներ՝ 65 հոգի: Դասընթացը վարում են ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս, փորձագետ Արուսյակ Ալեքսանյանն ու արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոս Հասմիկ Հարությունյանը:

Հաշվի առնելով վերապատրաստվողների մեծ քանակը նույն դասընթացը անցկացվելու է երեք խմբի համար՝ նոյեմբերի 22-24, նոյեմբերի 30-դեկտեմբերի 1 եւ դեկտեմբերի 8-10:

Վերապատրաստվողներին է ներկայացվում վեց զեկույց. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության իրավական հիմքը կազմող օրենքները եւ ենթաօրենսդրական ակտերը», «Ճգնաժամային կառավարման էությունը արտակարգ իրավիճակների տեսանկյունից», «Քաղաքացիական պաշտպանության կառավարումը եւ կառավարման մարմինների իրավասությունները ՔՊ բնագավառում», «Սոցիալ-տնտեսական եւ քաղաքական համակարգերի ճգնաժամերը», «Հակաճգնաժամային պետական կառավարումը», «Հայաստանի հանրապետության ճգնաժամերը»:

Կազմակերպիչները վստահ են, որ այս վերապատրաստումից հետո ունկնդիրները տեղյակ կլինեն արտակարգ իրավիճակներում եւ քաղաքացիական պաշտպանության կառավարման Հայաստանի եւ միջազգային փորձին, կկատարելագործեն ճգնաժամային կառավարման վերլուծության ունակությունը, ունակ կլինեն ճանաչել իրենց տարածքին բնորոշ վտանգները եւ գործուն մասնակցություն ունենալ ճգնաժամերի կառավարման որոշումների կայացմանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Հասմիկ Հարությունյանը