ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» եւ «Նիդեռլանդների թագավորությունում ռիսկի հասարակություն» կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի համաձայն, ՃԿՊԱ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների համար կազմակերպվում են որակավորման բարձրացման եւ մասնագիտական վերապատրաստման առցանց դասընթացներ:

Հերթական դասընթացի բանախոսը ԱՄՆ քաղաքացի, իրավապահ համակարգի կարողությունների զարգացման հարցերով խորհրդատու Վարդան Վարդանյանն էր: Նա ավելի քան 30 տարի աշխատել է ԱՄՆ դաշնային տարբեր գերատեսչություններում, այդ թվում՝ ներքին անվտանգության դաշնային գործակալությունում, որի կազմում է արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Ըստ բանախոսի, ԱՄՆ-ում կա հետաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող ավելի քան 18 000 ստորաբաժանում. գյուղնախարարության կազմում գործող օղակը հետաքննում է անտառային հրդեհների հարցերը, արտահանման վերահսկողության հարցերով զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը եւ այսպես շարունակ: Ուստի հանուն բոլորի անվտանգության, արտակարգ իրավիճակներին արձագանքելու հարցում կարեւորվում է միջգերատեսչական համագործակցությունը: Իսկ 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո, երբ ԱՄՆ-ը ահաբեկչության թիրախ դարձավ, զոհվեց մոտ 3000 մարդ, ԱՄՆ-ում էական փոփոխություններ եղան: Մասնավորաբար՝ հիմա արագ արձագանքման բոլոր ծառայությունները ռադիոկապի նույն կապուղուց են օգտվում, արտակարգ իրավիճակներին արձագանքելու պլաններ են մշակել ու հաստատել համայնքային, նահանգային, ազգային կառավարման գերատեսչությունները, ստեղծվել են նոր մարտահրավերներին, օրինակ կիբերհանցագործություններին, դիմակայող կառույցներ: Մեր օրերում լուրջ խնդիր են հիբրիդային (խառը, բազմաշերտ, չերեւացող բաղադրիչներով) սպառնալիքները, որոնք չեզոքացնելու համար ջանքերի մեկտեղում է պետք:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. «ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա»-«Նիդեռլանդների թագավորությունում ռիսկի հասարակություն» համագործակցության շրջանակներում նախկինում կազմակերպվել են «Ռիսկերի կառավարում», «Ազգային ռիսկերի գնահատման մեթոդոլոգիաներ», «Ռիսկերի գնահատում՝ կրիտիկական ենթակառուցվածքների համար» թեմաներով սեմինարներ: