Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության նախաձեռնությամբ, նոյեմբերի 10-դեկտեմբերի 23 ժամանակահատվածում կազմակերպվող ճգնաժամային կառավարման եւ արտակարգ իրավիճակներին արձագանքման թեմանեով առցանց քննարկումներին մասնակցում են նաեւ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները: ՃԿՊԱ «Ճգնաժամային կառավարման» ամբիոնի դասախոս Ռուզաննա Ղարիբյանը քննարկումներից մեկում ներկայացրել է «Դպրոցականների մեջ անվտանգության մշակույթի ձեւավորման գործում իմիտացիոն տեխնոլոգիաների կիրառման հեռանկարները» զեկույց:                                                                                                  Ըստ զեկույցի, Հայաստանում տարեկան 5 տոկոսով աճում է արտակարգ իրավիճակներից զոհերի քանակը եւ 12 տոկոսով՝ նյութական վնասը: Սա պարզապես հրամայական է դարձնում բնակչության (հատկապես երիտասարդների) ուսուցումը, դիմակայուն հասարակություն ունենալը, ավտանգության մշակույթ ձեւավորելը: Արտակարգ իրավիճակներին ճիշտ արձագանքելը ազգային անվտանգության բաղադրիչ է:      Ողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում, նկատվում են կրթական միջավայրի վերափոխման միտումներ՝ դասական-սովորական կրթական համակարգից անցում առավել ակտիվ մեթոդների: Նման մեթոդներից մեկն էլ իմիտացիոն տեխնոլոգիաներն են: Այս մեթոդով կրթությունը մեկ առանձնահատկություն ունի. սովորողը գիտակցաբար քայլեր է ձեռնարկում իրականության մոդելավորված տիրույթում եւ կիրառում կրթության հատուկ միջոցներ: Իրական կյանքի մոդելում խնդիրներ լուծելը հանրակրթական դպրոցը վերափոխում է «կյանքի» դպրոցի եւ սովորողին հնարավորություն տալիս դառնալ սեփական գործունեության սուբյեկտ: Իմիտացիոն տեխնոլոգիաները լինում են ոչ խաղային (իրավիճակային խնդիրներ, խմբային քննարկումներ, խնդիրների մոդելավորում, տեղեկատվական լաբիրինթոս եւ այլն) եւ խաղային (համակարգչային խաղեր, գործնական խաղեր, վերապատրաստումներ, դերախաղեր եւ այլն):                                                                            Ըստ Ռուզաննա Ղարիբյանի, այսօր արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողների, ակադեմիայի ուսանողների համար կիրառվում է իմիտացիոն կրթությունը։ Սովորողը խաղաղ պայմաններում խաղի կամ այլ միջոցով առնչվում է արտակարգ իրավիճակին, որպեսզի հարկ եղած դեպքում կիրառի իր գիտելիքները, որոնք ստացել է իմիտացիոն կրթության շրջանակում։ «Դպրոցներում, ցավոք, այսպիսի կրթության կիրառումը շատ պասիվ է ու սակավ կամ առհասարակ բացակայում է։ Դա է պատճառը, որ այսօր մենք առաջարկում ենք ներդնել կրթության այս տեսակը դպրոցում՝ դպրոցականների մեջ անվտանգության մշակույթի զարգացման նկատառումներից ելնելով»,- ասաց Ռուզաննա Ղարիբյանը։ Նա վստահ է, որ իմիտացոն կրթությունը Հայաստանում ներդնելու հնարավորություն կա։ Դրա համար անհրաժեշտ են որոշակի միջոցներ՝տեխնիկապես հագեցած դասասենյակներ, վերապատրաստում անցած մասնագետներ եւ այլն. «միանշանակ կարող եմ ասել, որ իմիտացիոն կրթությունը պետք է սկսել դպրոցի միջին դասարաններից, որպեսզի արդեն բուհի առաջին կուրսում ունենանք շոշոփելի արդյունք»։                            ՃԿՊԱ-ն սովորական բուհ չէ, ունի մեկ հստակ ուղղություն՝ ճգնաժամային կառավարում բոլոր դրսեւորումներով՝ քաղաքացիական պաշտպանություն, փրկարարական գործ, հրդեհային պաշտպանություն, անվտանգություն արտակարգ իրավիճակներում եւ այլն: Որքանո՞վ արդյունավետ կլինի իմիտացիոն կրթությունը ՃԿՊԱ կրթական ծրագրերում: Ռուզաննա Ղարիբյանի խոսքով, ՃԿՊԱ ուսանողների համար իմիտացիոն կրթություն է կազմակերպվում ակադեմիայի «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում. «նման կրթության արդյունավետությունն ու արդիականությունը կայանում է նրանում, որ ուսանողը խաղաղ պայմաններում առնչվելով իմիտացիոն կրթության հետ, իրական արտակարգ իրավիճակում պատրաստ կլինի իրեն ճիշտ դրսեւորել, խուճապի չմատնվել, իրեն չկորցնել, քանի որ իմիտացիայի ժամանակ արդեն նմանատիպ իրավիճակ տեսել է եւ առնչվել նման խնդրի»։

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ