2020 թվականի հոկտեմբեր-2022 թվականի սեպտեմբեր հատվածում Հայաստանում կիրագործվի Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագիրը: Կատարողներն են Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալությունը, Լատվիայի ներքին գործերի նախարարությանն առընթեր հրշեջ-փրկարարական վարչությունը, հայկական կողմից՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը: Ծրագրի իրականացման ընթացքում մշտապես Հայաստանում է լինելու Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության ներկայացուցիչ, ծրագրի մշտական խորհրդատու Ջոն Անդերսենը, նախատեսված են այլ փորձագետների այցեր: Այս օրերին Հայաստանում են շվեդ փորձագետներ Սեսիլիա Ուներամը (ծրագրի «Բնակչության պաշտպանության համապարփակ համակարգի արդյունավետության բարելավում» բաղադրիչի ղեկավար) եւ Անաստասիա Էզերեթսը (ծրագրի «Կարողությունների զարգացում՝ մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը եւ զարգացումը ապահովելու համար» բաղադրիչի ղեկավար): Նրանք արդեն եղել են ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, այցելել Լոռու մարզ:

ՃԿՊԱ ղեկավարության հետ քննարկումների ժամանակ հյուրերն ասացին, որ այս ծրագրով կապեր կհաստատվեն Հայաստանի եւ դրսի մասնագետների միջեւ՝ վերապատրաստումների, փորձի փոխանակման նպատակով, ընդգրկելով հարցերի լայն շրջանակ՝ փրկարարի ամենօրյա, օպերատիվ արձագանքման աշխատանքներից մինչեւ կամավոր փրկարարական ծառայությունների ձեւավորում եւ աղետների ռիսկի կառավարում:

«Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրի մշտական խորհրդատու Ջոն Անդերսենը ցանկություն հայտնեց ճգնաժամային կառավարման ազգային ակադեմիայի դասախոսների եւ մագիստրոսների համար դասախոսություններ կարդալ՝ Եվրոպական միության բնակչության պաշտպանության մեխանիզմը (EU Civil Protection Mechanism` EUCPM) թեմայով: Այս կառույցը ստեղծվել է 2001 թվականին ԵՄ անդամ պետությունների աղետներին կանխարգելման, պատրաստվածության եւ արձագանքման կարողությունների բարելավման նպատակով: Մինչ օրս կառույցն արձագանքել է օգնության 420 խնդրանքի՝ թե միության ներսում, թե այլ երկրներում՝ Ուկրաինա, Լիբանան, Նիգեր եւ այլն:

ՃԿՊԱ ղեկավարությունը ընդունեց Ջոն Անդերսենի առաջարկը: Դասախոսությունները կկազմակերպվեն փետրվարի երկրորդ կեսին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Կարդացեք նաեւ.

«Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում

Պատրաստ է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրով կարիքների ցուցակը

Ձեւավորվել է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրի աշխատանքային խումբը