Հունվարի 27-ին եւ 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մատույցներում դաշտային փորձերով ուսումնասիրում էին անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում եւ մոլորված զբոսաշրջիկներին օգնության հասնելու հարցում օգտագործելու հնարավորությունը:

Փետրվարի 4-8-ը համանման փորձեր էին կազմակերպվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հարակից անտառում եւ կիրճում: Այս ուսումնասիրությանը մասնակցում էին ոչ միայն ՃԿՊԱ մասնագետները, այլ նաեւ «Լոռէ» փրկարար ջոկատի, «Հայկական կարմիր խաչի» ներկայացուցիչները, ՃԿՊԱ Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները: «Լոռէ» փրկարար ջոկատը նախկինում փորձել է ԱԹՍ-ների օգտագործմամբ կազմակերպել պարանի տեղափոխում գետի մի ափից մյուսը՝ տուժածին տարհանելու նպատակով, ուստի ջոկատի մասնակցությունը ՃԿՊԱ նախաձեռնած ուսումասիրությանը օգտակար կլինի: ՃԿՊԱ մասնագետներն էլ կզարգացնեն արդեն արվածն ու ամենը կդրվի գիտական հիմքի վրա:

Եթե Ապարանում փորձարկվել էր երեք սցենար, ապա Ստեփանավանում՝ հինգ. փոթորիկի ժամանակ վրանի տակ պատսպարված մարդու հայտնաբերում, ջերմամեկուսիչ (հակաշոկային) ծածկոցով փաթաթված մարդու որոնում, անտառում մոլորված մարդու որոնում, ռելիեֆի գույներից չտարբերվող գույների հագուստով մարդու որոնում, տուժածի տեղափոխում գետի մի ափից մյուսը:

Բոլոր դեպքերում էլ գրանցվել են դրական արդյունքներ. տուժածին հայտնաբերելուն պես ԱԹՍ-ն իրական ժամանակում տվյալները հաղորդել է ճգնաժամային կառավարման կենտրոն եւ միաժամանակ այլ ԱԹՍ-ն առաջին օգնության դեղատուփ է հասցրել տուժածին, մինչ կժամանեն փրկարարները: Տուժածին հայտնաբերելուց հետո ԱԹՍ-ի բարձրախոսով կապ է հաստատվում տուժածի հետ եւ հրահանգներ են տրվում. օրինակ՝ «Ձեր տեղը գիտենք, շուտով կժամանեն փրկարարները, մի տեղափոխվեք»:

Որոնողափրկարարական աշխատանքներում ԱԹՍ-ների կիրառման դաշտային փորձարկումները շարունակվելու են: Մասնավորաբար խաղարկվելու է ԱԹՍ-ի միջոցով լեռնային տարածքում քարանձավի հայտնաբերում սցենարը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փորձերի մասնակիցները