2023 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է Եվրոպական միության «Պանթեոն» (Pantheon) եռամյա ծրագիրը, որի նպատակն է համախմբել ուժերը բնական ու տեխնածին աղետների դեմ պայքարում՝ դիմակայունության գործող մոդելների արդիականացման (մոդեռնիզացիա) միջոցով, ստեղծել տարերային աղետներից պաշտպանվելու թվային էկոհամակարգ։

Կոնսորցիումի ղեկավարը Հունաստանն է, գործընկերներ են Հունաստանի, Իսպանիայի, Բելգիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Մալտայի և Հայաստանի անվտանգության ոլորտի կազմակերպությունները։ Եվրոպական միության անդամ չհանդիսացող տարածաշրջանային միակ երկիրը՝ Հայաստանը, ներկայացնում է ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան։

Հայկական պատվիրակության աշխատանքների համակարգող, ՃԿՊԱ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ, պահեստազորի փ/ծ գնդապետ, դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Վալերի Բագիյանը նշեց, որ «Պանթեոն» ծրագրի ղեկավարությունն իրեն առաջարկել էր հանդես գալ որպես առանձին փորձագետ, բայց քանի որ ՃԿՊԱ-ի տեխնիկական ու մասնագիտական հնարավորությունները համապատասխանում էին ծրագրի մրցույթի չափորոշիչներին, հայտը ներկայացվել է ակադեմիայի անունից։

«Պանթեոնը» փազլի պես է․ 10 աշխատանքային փաթեթ է, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հստակ խնդիրն ու կատարող կազմակերպությունները։ Այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ կարիքների գնահատումը սկսել ենք ամենացածր օղակից․ հարցումներ են կատարվել անմիջապես խոցելի խմբերի՝ հաշմանդամություն ունեցողների, գործազուրկների և էմիգրանտների շրջանում, ուսումնասիրվել է ոլորտային գրականությունը։ Այս փուլում ՃԿՊԱ-ն լուծել է իր առջև դրված բոլոր կարճաժամկետ խնդիրները»,- մանրամասնեց Վ․ Բագիյանը։

ՃԿՊԱ գիտական հետազոտությունների կենտրոնի պետ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սաթենիկ Բակունցը հունվարին մասնակցել է Մալտայում կայացած «Պանթեոն» ծրագրի գլխավոր ասամբլեայի երրորդ հանդիպմանը։ Քննարկվել է երեք R-երի՝ Reduce, Reuse, Recycle (նվազեցում, վերաօգտագործում և վերամշակում) սկզբունքով նախագծվող համայնքահեն «Խելացի քաղաք» թվային երկվորյակ հարթակի մշակման աշխատանքների ընթացքը՝ ուղղված աղետների ռիսկի օպտիմալացմանը, կառավարմանն ու աղետների դեմ համայնքի դիմակայունության հզորացմանը։

Սաթենիկ Բակունցի խոսքով՝ ակադեմիան ընդգրկված է 10 աշխատանքային փաթեթից 5-ում՝ հիմնականում նախապատրաստական աշխատանքներում՝

— աղետների ռիսկի նվազեցման մոտեցումներ

— վտանգի պիկտոգրամների և հարցաշարերի մշակում

— ծրագրի մասին իրազեկում

— պիլոտային տարածքների, խոցելի խմբերի և ոլորտային պատասխանատու­ների ուսումնասիրություն,

— ռիսկերի վերլուծություն։  

«Ծրագրում, որպես պիլոտային համայնք, ընտրվել են Աթենքն ու Վիեննան։ Կառավարման ապակենտրոնացման առումով՝ հորիզոնական կապ եմ տեսնում Հայաստանի հետ։ Եվրոպական միության մասնագետների համոզմամբ՝ խոշորացված համայնքները որոշ առումներով ավելի խոցելի են։ Այս բազմակողմանի փորձը մեզ հետագայում թույլ կտա ներդրում ունենալ նաև համայնքների խոշորացման գործընթացի բարելավման  հարցում»,- ասաց ՃԿՊԱ գիտական հետազոտությունների կենտրոնի պետը։

«Պանթեոն» ծրագիրը կամփոփվի 2025 թվականին։ Վալերի Բագիյանի խոսքով՝ ՃԿՊԱ-ն հայտ է ներկայացրել նաև ԵՄ «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe) հետազոտական և նորարարական գաղափարների ֆինանսավորման ծրագրի մրցույթին։ Ամենայն հավանականությամբ՝ շուտով կստանա դրամաշնորհ։ 95,5 միլիարդ եվրո ընդհանուր ֆոնդով այս ծրագրի շրջանակում 2009 թվականից ստեղծվել են քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային ռիսկերի նվազեցման ԵՄ լավագույն փորձի ներդրման կենտրոններ (CBRN centers of Excellence)։ Ծրագրի հիմքում կլիմայական փոփոխությունների խնդիրն է, նպատակը՝ ապահովել ԵՄ կայուն զարգացումն ու անվտանգությունը։

Հաշվի առնելով նախկինում ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) հետ համագործակցության փորձը, որի շրջանակում Ներքին գործերի նախարարությունը (նախկինում՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն) 2021 թվականին 4 միլիոն 600 հազար դոլար նվիրատվությամբ ձեռք է բերել ՔԿՃՄ վտանգներին արձագանքման սարքավորումներ, մասնագետը հավելեց, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրում պարտադիր կներգրավվեն ՃԿՊԱ-ի և փրկարար ծառայության փորձառու կադրերը։

Երկու ծրագրերի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Պանթեոն» ծրագրի պաշտոնական կայքէջից