Մարտի 30-31-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում անցկացվեց մաս-ռեսթլինգի միջազգային առաջնություն, որին մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականը։
Ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, բռնցքամարտի WBF վարկածով Եվրոպայի, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը հանդես եկավ 70 կգ քաշային կարգում և անցկացրեց երեք մենամարտ։ Չորրորդ մենամարտից մրցակիցը վաղաժամ հրաժարվեց, և Յուրին դարձավ առաջատար։
ՃԿՊԱ դասախոսի խոսքով՝ մրցակցությունն ուժեղ էր, մարզիկները՝ փորձառու։ Սովորել է, որ հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։
Ներկայումս պատրաստվում է Հայաստանում ու Հայաստանից դուրս տարբեր մրցաշարերի մասնակցելու համար։
Հարցին՝ արդյոք հասցնում է ակադեմիայում դասավանդումը համատեղել սպորտի հետ, Յուրին նշեց․ «Ուսանողներս ինձ ուժ են տալիս։ Միշտ հետաքրքրվում են, հետևում իմ մրցումներին, խորհուրդներ հարցնում։ Շատ կուզեի, որ դրանք օգնեն որևէ մեկին սպորտի մեջ խորանալու և մեր երկիրն աշխարհին ներկայացնելու համար»։
Հայաստանի մաս-ռեսթլինգի ազգային հավաքականը մեդալների քանակով զբաղեցրեց երկրորդ տեղը։

Անի Անտոնյան

Լուսանկարները տրամադրել է Յուրի Սաքունցը