Մարտի մեկին ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում «Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք)» մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանություն էր: Մասնագիտությունն ավարտեց 7 ուսանող, որից 4-ը՝ գերազանցությամբ: Սա այս մասնագիտության արդեն երրորդ շրջանավարտումն էր: Եթե 2022-ին եւ 2023-ին «Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք)» մասնագիտության շրջանավարտների մեծ մասը ակադեմիայի բակալավրի կրթական ծրագիրն ավարտածներն էին եւ համակարգի տարբեր ստորաբաժանումներում աշխատողները, այս տարի այլ պակտեր է՝ մագիստրոսների մեծ մասը աշխատում է այլ կառույցներում, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներդրած մասնագիտությունը ստանալ են փորձում այլ կառույցներում աշխատողները՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Միավորված ազգերի կազմակերպություն, Կենտրոնական բանկ, դատախազություն եւ այլն:

«Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք)» մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանության համար ձեւավորվել էր ամփոփիչ ատեստավորման հանձնաժողով՝ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի նախագահությամբ: Հանձնաժողովում ընդգրկված էին մասնագետներ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից եւ Սահմանադրական դատարանից:

Արամ Գեւորգյանն աշխատում է Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման ծրագրերում: Անցած տարի ՃԿՊԱ-ում մագիստրոսի աստիճան է ստացել «Ճգնաժամային կառավարում» մասնագիտությունից, այս տարի «Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք)» մասնագիտությունն է ընտրել: Նրա խոսքով, անկախ տարիքից պետք է մշտապես զարգանաս-կատարելագործվես:

Մեկ այլ նորաթուխ մագիստրոս՝ Լիլիթ Վարդանյանը տնտեսագիտական համալսարանում կառավարման բակալավրի աստիճան է ստացել, տարիներ առաջ աշխատել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում, հիմա՝ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում եւ հենց դրա համար էլ ընտրել է «Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք)» մասնագիտությունը: Արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտում աշխատանքային փորձը օգնել է ուսուցանվող առարկաները ավելի արագ ընկալել: Մեկուկես տարվա ուսումնառությունից հետո Լիլիթը նկատում է, որ ուսման լավագույն եւ առավել մեծ արդյունք ապահովող տարբերակը առկա շփումն էր դասախոսների հետ: «Սիրով եւ կարոտով եւ հիշելու մեր ակադեմիան»,- ամփոփեց Լիլիթ Վարդանյանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Նախորդ տարիներին «Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք)» մասնագիտության մագիստրոսի աստիճան ստացածների մասին կարդացեք.

2021-2022 ուսումնական տարի

2022-2023 ուսումնական տարի