Հունիսի 3-4-ը Ստեփանավանում անցկացվեց բռնցքամարտի միջազգային մրցաշար՝ «Պատրիոտ» մարտական ակումբի նախաձեռնությամբ։ Ելույթ ունեցան տարբեր տարիքային խմբի տասնյակ մարզիկներ Հայաստանից եւ Իրանից։ Հայաստանի ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ձեռնամարտի աշխարհի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը հանդես եկավ 75 կգ քաշային կարգում եւ կարճ ժամանակում հաղթեց իրանցի մարզիկին։

Քչերին է հայտնի, որ Յուրին նաեւ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ է, բազմաթիվ մեդալներ ունի։ Այդուհանդերձ, ասում է, գալիս է մի տարիք, երբ փորձում ես հասկանալ՝ որն է քո սպորտը։ Ինքն արդեն գտել է այդ հարցի պատասխանը․ «Փոքրուց ես ու եղբայրս սիրել ենք բռնցքամարտ, սակայն Չարենցավանում խմբակ չկար։ Քանի որ հայրս ըմբշամարտի չեմպիոն էր, մենք էլ նրա ուղղությամբ գնացինք։ Հետո ուսանող դարձանք, Երեւանում նոր մարզիչների հանդիպեցինք եւ որոշեցինք մեր ուժերը փորձել այդ մարզաձեւում»։

Յուրիի խոսքով՝ բռնցքամարտն արվեստ է, բոլոր հարվածային սպորտաձեւերի «թագավորը»։ Դրանում մկանային ուժը բացարձակ կապ չունի, կարեւորը քայլերդ ճիշտ հաշվարկելն է, ինչպես շախմատում։ Ամեն անգամ, երբ թվում է՝ ամեն ինչ գիտես, հասկանում ես, թե դեռ որքան սովորելու տեղ կա։

Յուրին ժպիտով մտաբերում է իր մենամարտի ժամանակ փոքրահասակ երեխաների ոգեւորված աչքերը։ Ինքն էլ է ժամանակին այդպես նայել իր սիրելի մարզիկներին եւ արդյունքում ընտրել իր կյանքի ուղին։ «Հպարտ եմ, որ կարողանում եմ նոր սերնդին ինչ-որ բան տալ»,- ասում է ՃԿՊԱ դասախոսը։

Իր հարազատ Չարենցավանում, առաջվա պես, բռնցքամարտի խմբակ չկա։ Եթե խոչընդոտներ չլինեն, անպայման հիմնելու է։ Ներկայումս ֆիզիկական պատրաստության եւ ձեռնամարտի դասեր է տալիս «Ողջ մնալու արվեստ/ՈՄԱ» կազմակերպության Չարենցավանի մասնաճյուղում։

Բազմափորձ մարզիկը օրերս նաեւ կարատեի սեւ գոտի չորրորդ դան է ստացել։ Աստիճանաբար հանրահռչակվում է նրա հիմնած «Սաքունց» համաշխարհային ռեկորդների գիրքը։ Ջավախքից եւ Երեւանից երկու հայուհի վերջերս ռեկորդի հեղինակ են դարձել ստեղծագործությունը հակառակ ուղղությամբ կարդալու համար։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Յուրի Սաքունցը