ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» բակալավրի կրթական ծրագրի «Փրկարարական գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Գոհար Կարապետյանը 50 տարեկան է: Նման տարիքում նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկությունը որքան էլ ողջունելի, նույնքան էլ ոչ սովորական է: Գոհարի նպատակը, սակայն, շատ ավելի մեծ է, նպատակասլացությունը ավելի հզոր, միշտ մի նոր բան սովորելու մղումը՝ կյանքի ոճ:

Նախքան ՃԿՊԱ ընդունվելը Գոհար Կարապետյանն արդեն մի քանի մասնագիտություն ուներ՝ հաշվապահ, հրուշակագործ, վարսավիր, լոգոպեդ, երեխա խնամող: Հենց վերջին մասնագիտությունն էլ դարձավ նոր շրջադարձի հիմք: 2021 թվականի ամռանը Գոհար Կարապետյանը մասնակցել է ՃԿՊԱ-ում անցկացված երեխա խնամողների 5-շաբաթյա «Գրագետ խնամող» վերապատրաստմանը: «Տեսա ակադեմիայի մասնագետների գրագիտությունը, մասնագիտական բարձր որակները, մարդկանց հանդեպ բարի, հոգատար վերաբերմունքը», — հիշում է Գոհարը: Նրան տպավորել է հատկապես փրկարարական գործի հոգեբանական բաղադրիչը ու որոշել է սովորել ՃԿՊԱ մագիստրոսի կրթական ծրագրի «Աղետների հոգեբանություն» մասնագիտությունն ու սկսել է բակալավրի կրթական ծրագրի «Փրկարարական գործ» մասնագիտությունից:

Ցանկացած տարիքում կրթությունը եւ զարգացումն անհրաժեշտություն են, գիտելիքը օգնում է մարդկանց ֆիզիկապես կամ հոգեբանորեն աջակցելու մեր աշխատանքներում, վստահ է Գոհար Կարապետյանը:

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ