Այսօր՝ նոյեմբերի 23-ին համագործակցության հուշագիր կնքեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության « Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» եւ Երեւանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցը: Համագործակցության նպատակն է համատեղ իրականացնել «Պատանի հրշեջ-փրկարար» հենակետային վարժարան պիլոտային ծրագիրը, աշակերտների մեջ ձեւավորել հրշեջ-փրկարարական, փրկարարական, առաջին օգնության եւ այլ հետաքրքրություններ եւ հմտություններ՝ արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերի ընդգրկմամբ:

Այս տարվա ամռանը ՀՀ կրթության գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը հաստատեց ՃԿՊԱ մասնագետների մշակած «Ճգնաժամ հաղթահարողները» ուսուցչի ձեռնարկները: Արդեն պատրաստ են 2-5 դասարանների ուսուցիչների համար նախատեսված ձեռնարկները, մինչեւ 2023 մայիս, պատրաստ կլինեն նաեւ ավելի բարձր դասարանների համար նախատեսված ձեռնարկները: Հենց սրանցով էլ թիվ 143 հիմնական դպրոցում կկազմակերպվի անվտանգության մշակույթի ձեւավորմանն ուղղված կրթության փորձնական ծրագիրը:

Ձեռնարկներն պատրաստ են, բայց պայմանավորվածության համաձայն ակադեմիայի մասնագետներն ու դպրոցի ուսուցիչները պարբերաբար կհանդիպեն եւ կքննարկեն բոլոր հարցերը, անհրաժեշտության դեպքում՝ փոփոխություններ կարվեն: Սրան զուգահեռ ՃԿՊԱ-ն դպրոցում տարհանման, պատսպարման գործնական վարժանքներ կկազմակերպի:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ